Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈՈՒԼՍԵՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

Սպորտ

Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, Իսպանիայում կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի 13-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընդգրկված են Հայաստանի, Իսպանիայի, Անգլիայի եւ Էստոնիայի հավաքականները:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ընտրանին Իսպանիա է մեկնել բացառապես առաջին խմբում հանդես եկող «Պատանի» թիմի խաղացողներով: Գլխավոր մարզիչ Սամվել Պողոսյանի սաները առաջին խմբի առաջնությունում անցկացրել են 25 հանդիպում, որոնցում վաստակել են 15 միավոր:

Առաջին խաղում Հայաստանը կմրցի Անգլիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ: Միջազգային բուքմեյքերական գրասենյակները այս խաղում ֆավորիտ են համարում անգլիացիներին, որոնց հաղթանակի համար սահմանվել է 1.60 գործակից, իսկ Հայաստանի հաղթանակը գնահատվել է 4.75 գործակցով:

Ի դեպ, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ Իսպանիա է մեկնել նաեւ ազգային թիմի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը, որը նաեւ Հայաստանի հավաքականների տեխնիկական տնօրենն է:

Նախորդ տարի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը բավական անհաջող հանդես եկավ ընտրական փուլում: Կրկին ընդգրկված լինելով 13-րդ խմբում` Հայաստանը Կիպրոսի, Չեխիայի եւ Իտալիայի հավաքականների հետ պայքարում չկարողացավ միավոր վաստակել: Ընդհանրապետ վերջին տարիներին այս տարիքային խմբի Հայաստանի ընտրանին բավական անհաջող է հանդես գալիս:

Խաղացանկ

22.10.2008

Իսպանիա – Էստոնիա 20:00

Անգլիա - Հայաստան 22:30

24.10.2008

Անգլիա – Էստոնիա 21:00

Հայաստան - Իսպանիա 23:30

27.10.2008

Իսպանիա - Անգլիա 23:30

Էստոնիա - Հայաստան 23:30