ՄԻՆԱՍՅԱՆԸ ԱՆԿԵՂԾԱՑԱՎ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի վերջին անհաջող ելույթները դժգոհությունների մեծ տեղիք տվեցին Հայաստանում: Մեր ընտրական 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին 4 հանդիպումներում նույնքան պարտություն կրեց` գնդակների 1:12 տարբերությամբ:
«Կուզեն թող ինձանից նեղանան, կուզեն թող վատ ընդունեն, բայց ես սովոր եմ անկեղծ արտահայտվել. ես հավաքականի տղաների մոտ չեմ նկատում նվիրվածություն», - մեկնաբանելով Բելգիայի եւ Բոսնիայի հավաքականներից կրած պարտությունները ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Երիտասարդ մասնագետի կարծիքով` հենց նվիրվածության բացակայությունն է անհաջողությունների հիմնական պատճառ. «Իհարկե, խոսքը բոլոր ֆուտբոլիստներին չի վերաբերվում, բայց կան խաղացողներ, որոնք նվիրված չեն հանդես գալիս: Եթե սա չուղղվի, ապա դրական արդյունք չենք ունենա: Ես չեմ ասում, թե նվիրված հանդես գալու դեպքում հաղթելու ենք բոլոր խաղերում, սակայն մեր ֆուտբոլային հանրությունը կտեսնի այն խաղը, որին սովոր էր»:
Մինասյանը հիշեցրեց, որ նախքան 2010թ. աշխարհի առաջնության մեկնարկը Հայաստանը լրիվ այլ մակարդակի ֆուտբոլ էր ցուցադրում.«Բավական ագրեսիվ էին խաղադաշտում, չեն վախենում ոչ մի մրցակցից, նվիրված էին դուրս գալիս խաղադաշտ: Ես հավաքականի ներսում եմ եւ տեսնում եմ, որ ներկայումս այդ նույն նվիրվածությունը չկա»:
Ստեղծված իրավիճակից, ըստ Մինասյանի` հնարավոր է դուրս գալ սուր մրցակցության շնորհիվ. «Հավաքականում յուրաքանյուր տեղի համար պետք է մրցակցություն լինի, ինչը թույլ կտա, որ խաղադաշտում հայտնվեն այն խաղացողները, որոնք իրոք ցանկանում եմ օգուտ տալ թիմին: Այս անգամ 4 երիտասարդների էինք հրավիրել, իսկ հաջորդ հավաքին հնարավոր է նորեկների թիվը ավելի մեծանա: Պետք են այնպիսի խաղացողներ, որոնք մեծ ցանկություն ունեն եւ չեն մտածում, թե ակումբում հանդես գալը ավելի կարեւոր է, քան հավաքականում»:
Վարդան Մինասյանը ընդգծեց նաեւ, որ իր գլխավորած «Փյունիկի» խաղացողներից շատերը, մասնակցելով Հայաստանի հավաքականի եւ մինչեւ 19 տարեկանների ընտրանու վերջին հանդիպումներին, անհաջողություններից ընկճվել էին. «Բնական է, որ հավաքականի թեկնածուները անհաջողություններից ընկճվում են, եւ դա իր ազդեցությունը կարող է ունենալ ակումբային ելույթների վրա: Սակայն ես նրանց միշտ ասում եմ, որ այդ անհաջողությունները արդեն անցյալում են եւ եկեք պարզապես վերլուծենք սխալները եւ նայենք առաջ: Կենտրոնանալ պարտությունների վրա պետք չէ»: