Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 23-րդ տուրում գրանցված արդյունքներից հետո մրցաշարային աղյուսակում իրավիճակը շարունակում է մնալ խճճված: Չեմպիոնի համար պայքարող «Փյունիկը» եւ «Արարատը», տոնելով հերթական հաղթանակները, շարունակում են գրեթե հավասար պայքար մղել առաջին տեղի համար: «Փյունիկը» ընդամենը 1 միավորով է առաջ անցել իր հիմնական մրցակցից:

23-րդ տուրում «Արարատը» 2:0 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի կարծիքով` իր սաները արժանի էին այս հաղթանակին. «Մրցակիցը լավ էր ուսումնասիրել մեր խաղը եւ գիտեր, որ կենտրոնը հագեցրած ենք խաղում: Նրանք եւս կենտրոնում մեծ ուժեր էին կենտրոնացրել եւ այստեղ անզիջում պայքար էր ընթանում: Տարածքային առավելություն ունեինք եւ առաջին կեսում արդեն պետք է հաշվի մեջ առաջ անցնեինք: 2-րդ կեսում մարտավարությունը փոխեցի եւ արդեն սկսեցինք եզրերով սպառնալ մրցակցի դարպասին: Դա շուտով տվեց իր արդյունքը եւ 57-րդ րոպեին Վահե Մեհրաբյանի փոխանցումից հետո Վահագն Մինասյանը գլխի գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը»: Հաշիվը կրկնապատկվել է խաղավերջում, երբ Մարկոսը տուգանայինից բացառիկ գեղեցիկ գոլ է խփել:«Առավելությունը «Արարատի» կողմն էր, եւ թիմը մեծ մոտիվացիայով էր դուրս եկել խաղադաշտ: Որոշիչ եղավ մեր թիմի ֆուտբոլիստների բարձր խաղային որակները: Այս տուրից հետո լարվածությունը պահպանվեց եւ, իմ կարծիքով, այն մինչեւ վերջին տուրն էլ կպահպանվի», - նշեց Սուքիասյանը: Նախորդ առաջնության փոխչեմպիոն «Բանանցը» նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ իր առաջին հանդիպումը անցկացրեց ընթացիկ մրցաշրջանում եւ հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց չեմպիոն «Փյունիկին»: «Առաջին կեսում չէր ստացվում աչքի ընկնել կազմակերպված գործողություններով: 2-րդ կեսում ավելի կոմբինացիոն ֆուտբոլ խաղացինք, որոշ պահեր ունեցանք, սակայն մրցակիցը Գեւորգ Ղազարյանի անհատական վարպետության շնորհիվ գոլ խփեց եւ հաղթեց»- հանդիպումից հետո ասաց Արմեն Գյուլբուդաղյանցը: Վերջինիս առջեւ խնդիր է դրված «Բանանցին» դուրս բերել 3-րդ հորիզոնական եւ դառնալ մրցանակակիր, սակայն այս տուրից հետո խնդիրը անհամեմատ բարդացավ: Առաջնության ավարտին 5 տուր է մնացել, իսկ «Բանանցը» միանգամից 8 միավորով զիջում է 3-4-րդ տեղերում ընթացող «Միկային» եւ «Գանձասարին». «Մենք դեռ կարող ենք պայքարել մրցանակային տեղ գրավելու համար: Նման հնարավորություն կա, եւ մենք ձգտելու ենք որքան հնարավոր է հաջող հանդես գալ»: