ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. 3-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՆՈՆՍ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսօր կմեկնարկի խմբային մրցաշարի 3-րդ տուրը: Նախ պայքարի մեջ կմտենեն E, F, G եւ H խմբերի թիմերը:
E խումբ
«Մանչեսթեր Յուն.» -«Սելթիկ» 23:45
«Վիլյառեալ» - «Օլբորգ» 23:45
2 հանդիպումներում էլ տանտերերը համարվում են բացահայտ ֆավորիտ եւ հաղթանակների դեպքում հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ կներկայացնեն: Հատկապես հետքրքիր հանդիպում է սպասվում «Օլդ Թրաֆորդում», որտեղ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի շոտլանդական «Սելթիկին»: Բրիտանական դերբիները միշտ էլ սկզբունքային են եղել, թեեւ այժմ ակնհայտ է, որ շոտլանդացիները հաղթելու անչափ քիչ հնարավորություններ ունեն: «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ վստահ մեկնարկից հետո աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերել, իսկ Անգլիայի առաջնության վերջին տուրում սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Բլեքբեռնին»: «Սելթիկը» Անգլիա է ժամանել առանց իր գլխավոր ռմբարկու Գեորգիոս Սամարասի, որը ծանր վնասվածք է ստացել Հունաստանի հավաքականի կազմում: «Կադրային խնդիրները լուրջ են մեր թիմում: Կփորձենք գտնել այնպիսի խաղացողների, որոնք կկարողանան գնդակ պահել եւ վտանգավոր պահեր ստեղծել» , -ասել է «Սելթիկի» գլխավոր մարզիչ Գորդոն Ստրաչանը:
F խումբ
«Ստյաուա» - «Լիոն» 23:45
«Բավարիա» - «Ֆիորենտինա» 23:45
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Քլինսմանը հույս ունի, որ իր սաները կկարողանան ուրախացնել այն 70 հազար ֆուտբոլասերներին, որոնք աջակցելու են մյունխենցիներին «Ալյանս Արենայում». «Այսօր հաղթելով մենք հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ կներկայացնենք: Ես հուսով եմ, որ իմ խաղացողները կմոռանան անհաջող մեկնարկը Բունդեսլիգայում եւ կուրախացնենք մեր երկրպագուներին: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում մենք վստահ ենք հանդես գալիս եւ լի ենք վճռականությամբ նաեւ այսօր ամրապնդել դիրքերը առաջին հորիզոնականում»:
G խումբ
«Պորտու» - «Դինամո» 23:45
«Ֆեներբախչե» -«Արսենալ» 23:45
Մրցաշարը անհաջող սկսած «Ֆեներբախչեն» այս տուրում կմրցի անգլիական «Արսենալի» հետ, որը նախորդ տուրում տպավորիչ հաղթանակ տոնեց «Պորտուի» հետ մրցավեճում: Թուրքական ակումբի համար, սա վերջին հնարավորությունն է ուղեգրերի համար պայքարին միջամտելու համար, այլապես «Ֆեներբախչեն» կարող է մոռանալ փլեյ-օֆֆի մասին:
H խումբ
«Յուվենթուս»-«Ռեալ» 23:45
«Զենիթ» - ԲԱՏԵ 21:30
3-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա , Թուրինում որտեղ «Յուվենթուսը» կհյուրընկալի «Ռեալին»: 2 հեղինակավոր ակումբների մրցավեճում ֆավորիտ է համարվում «Ռեալը», որը ներկայումս անհամեմատ լավ մարզավիճակում է, քան իտալական ակումբը: «Յուվենթուսը» Իտալիայի ընթացիկ առաջնությունում խիստ անհաջող է հանդես գալիս, իսկ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում առայժմ այս խմբում 2-րդ տեղի գլխավոր հավակնորդն է: Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» կփորձի առաջին միավորները վաստակել բելառուսական ԲԱՏԵ-ի հետ մրցավեճում: «Ինձ համար կարեւորը արդյունքն է: Ես դեմ չեմ, եթե մենք դիտարժան ֆուտբոլ ցույց չտանք, սակայն հաղթենք այս խաղում» , - ասել է «Զենիթի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը: