ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ` ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Միկան» կարողացավ առավելության հասնել մրցաշարի ֆավորիտ «Ուրալի» նկատմամբ: Հայկական թիմը Ռուսաստանի չեմպիոնին հաղթեց 3.5:2.5 հաշվով:
2 թիմերն էլ նախքան այս միայն հաղթանակներ էին տոնել, սակայն «Ուրալը» ավելի արդյունավետ խաղ էր ցուցադրել եւ «Միկայի» հետ խաղում նույնիսկ ոչ-ոքիի դեպքում կպահպաներ առավելություն հայկական թիմի նկատմամբ: «Միկան» հանդես եկավ իր մարտական կազմով: Հայաստանի չեմպիոնի կազմում հաղթանակներ տոնեցին Լեւոն Արոնյանը եւ Արման Փաշիկյանը, իսկ ահա վրացի Բաադուր Ջոբավան պարտություն կրեց: Մագնուս Կառլսենը, Բորիս Գելֆանդը եւ Գաբրիել Սարգսյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքիով:
Հիանալի հանդես եկան նաեւ մյուս 2 հայկական թիմերը` «Բանկային Արքան» եւ ՖԻՄԱ-ն: «Բանկային Արքան» խոշոր 5:1 հաշվով ջախջախեց բելգիական «Էյնատեն» թիմին: Ռաֆայել Վահանյանը, Տիգրան Քոթանջյանը, Արտաշես Մինասյանը եւ Դավիթ Հարությունյանը 1-ական միավոր վաստակեցին Հայաստանի փոխչեմպիոնի համար, իսկ Աշոտ Անաստասյանը եւ Սմբատ Լպուտյանը բավարարվեցին կեսական միավորով: Իսկ ՖԻՄԱ-ն 6:0 հաշվով առավելության հասավ Լյուսքսեմբուրգի համանուն թիմի նկատմամբ:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսական «Էկոնոմիստը», գերմանական «Բադեն- Բադենը» եւ «Միկան»: Այս թիմերը վաստակել են թիմային 8-ական միավոր: Իսկ անհատական 15.5 միավորով «Միկան» ընդամենը 3-րդ տեղում է, սակայն 5-րդ տուրում հանդիպելու է «Բադեն-Բադենի» հետ եւ հաղթանակի դեպքում էլ ավելի կմոտենա առաջին հորիզոնականին:
Կանանց պայքարում «Միկան» 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ռումինական «Պոլիտեխնիկային»: «Միկայի» կանանց թիմը առայժմ 8-րդ հորիզոնականում է: