Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԿԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների կանանց հավաքականն այսօր ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլում: Սլովենիայում կայացած մրցաշարում հայ աղջիկները խիստ անհաջող հանդես եկան Շվեդիայի, Ռուսաստանի եւ Սլովենիայի հավաքականների հետ պայքարում:

Շվեդիային մեկնարկային խաղում զիջելով 0:16 հաշվով` Հայաստանը հաջորդ խաղում Ռուսաստանին պարտվեց 0:9 հաշվով, իսկ քիչ առաջ հայ ֆուտբոլիստուհիները 0:6 հաշվով զիջեցին Սլովենիային: 3 հանդիպումներում չկարողանալով խփել ոչ մի գնդակ` Հայաստանը բաց թողեց միանգամից 31 գոլ: Գրանցված արդյունքը ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ Հայաստանի հավաքականի խաղացողներից շատերը մի քանի ամիս է, ինչ սկսել են զբաղվել ֆուտբոլով:

Ամեն դեպքում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ավելի հաջող հանդես եկավ, քան 2007թ. ընտրական փուլում: Նախորդ տարի Հայաստանը 3 հանդիպումներում էլ պարտվել էր գնդակների 1:43 տարբերությամբ: