Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿ ՄԻԱՎՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎԵՑ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ:

Հանդիպումը կայացավ «Փյունիկ» մարզադաշտում, որտեղ հանդիպմանը հետեւելու էին եկել ընդամենը 200 ֆուտբոլասերներ: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, թեեւ 17-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը, շրջանցելով Դմիտրի Պարխոմենկոյին, հայտնվեց նպաստավոր դիրքում եւ կարող էր գրավել դարպասը, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Այնուամենայնիվ` հենց Ղազարյանն էլ 75-րդ րոպեին դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը:

Գեւորգը, Հենրիխ Մխիթարյանից ստանալով գնդակը, տուգանային հրապարակում շրջանցեց մրցակցի պաշտպանին եւ հարվածեց դարպասին, որից հետո գնդակը, դիպչելով Անդրեյ Բուրդիյանին, շեղեց ուղղությունը եւ հայտնվեց դարպասում: Հաղթելով 1:0 հաշվով` «Փյունիկը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Առաջատարին ընդամենը 1 միավորով է զիջում «Արարատը», որը այսօր 2:0 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: «Արարատի» կազմում մեկական անգամ աչքի ընկան Վահագն Մինասյանը եւ առաջնության լավագույն ռմբարկու Պիզելի Մարկոսը:

Լավագույն եռյակը շարունակում է եզրափակել Կապանի «Գանձասարը», որը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը: Կապանցիների կազմում աչքի ընկան Կոնստանտին Բիրսանը, Բենիամին Մանուչարյանը եւ Դավիթ Խանիշվիլին: 4-րդ տեղում ընթացող «Միկան» շնորհիվ Արամ Ոսկանյանի խփած 2 գոլերի` 3:1 հաշվով պարտության մատնեց ետնապահ «Կիլիկիային»: