ԳՈՀԱՐՅԱՆԻ 19-ՐԴ ԳՆԴԱԿԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀանգսյան օրերին Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող լեգեոներների գերակշիռ մասը իրենց ակումբներում մասնակցել են ներքին առաջնության հանդիպումների:
Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել «Դնեպրի» հետ հանդիպումը: Հայաստանի հավաքականի խաղացողներ Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը «Մետալուրգի» կազմում դուրս են եկել փոխարինման: Առաքելյանը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջմանը, իսկ Մելքոնյանը 66-րդ րոպեին եւ որոշակի ակտիվություն է ցուցաբերել առջեւի գծում, սակայն արդյունավետ գործողություններով կրկին աչքի չի ընկել:
Մրցաշարային աղյուսակը գլխավորող Կիեւի «Դինամոն» 5:0 հաշվով ջախջախել է «Զարյային» եւ 28 միավորով դարձել միանձնյա առաջատար, իսկ ահա «Մետալուրգը» 26 միավորով երկրորդ տեղում է:
Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում երկարատեւ ընդմիջումից հետո հաղթանակ տոնեց մերձմոսկովյան «Խիմիկին», որի դարպասը պաշտպանում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Մինչ այս նախավերջին տեղում ընթացող «Խիմկին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Լոկոմոտիվի» նկատմամբ:
Թեեւ հանդիպման բացահայտ ֆավորիտ էին համարվում տանտերերը, սակայն իր տեղը բարձրագույն խմբում պահանելու համար պայքարող «Խիմկին» կարողացավ հիանալի հանդիպում անցկացնել եւ շատ կարեւոր երեք միավորներով հեռանալ «Լոկոմոտիվ» մարզադաշտից: Վերջապես իր դարպասը անառիկ պահեց նաեւ Ռոման Բերեզովսկին, ով վերջին ամիսների ընթացքում որպես կանոն առնվազն երկու գնդակ էր ընդունում: Ռոմանը այս խաղում բավական վստահ գործեց եւ նպաստեց իր թիմի հաջողությանը:
Այս հաղթանակից հետո «Խիմկին» 20 միավորով ընթանում է 14-րդ հորիզոնականում: Փոխարինողների մրցաշարում շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Հովհաննես Գոհարյանը, որը այս անգամ գրավել է «Խիմկիի» փոխարինողների դարպասը, իսկ «Լոկոմոտիվը» հաղթել է 2:0 հաշվով: Այս մրցաշարում Գոհարյանը արդեն 19 գոլ է խփել եւ վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Բելառուսի առաջնության 27-րդ տուրում «Գոմելը», որի կազմում հանդես են գալիս Աղվան Մկրտչյանը, Արա Հակոբյանը եւ Արմեն Տիգրանյանը, հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել «Դնեպրի» հետ մրցավեճը: «Գոմելի» կազմում 70-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Արա Հակոբյանը, որը ընթացիկ առաջնությունում խփեց իր երրորդ գնդակը: Արթուր Ոսկանյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանի «Վիտեբսկը» 2:0 հաշվով առավելության է հասել Գալուստ Պետրոսյանի «Սմարգոնի» նկատմամբ, իսկ Կարեն Ալեքսանյանի «Տորպեդոն» 2:1 հաշվով պարտության է մատնել «Նեմանին»:
Դանիայի առաջնության 10-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել «Վեյլեի» հետ մրցավեճը: Արզումանյանը խաղադաշտ դուրս չի եկել: «Ռանդերսը» 12 միավորով ընթանում է հինգերորդ հորիզոնականում: Շվեդիայի առաջնության 26-րդ տուրում ԳԱԻՍ-ը սեփական հարկի տակ 2:2 հաշվով է ավարտել «Մալմյոյի» հետ մրցավեճը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը մասնակցել է ողջ հանդիպմանը: ԳԱԻՍ-ը 35 միավորով ընթանում է իներորդ տեղում:
Ռումինիայի առաջնության 11-րդ տուրում «Տիմիշոարան» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել ետնապահ «Ֆարուլի» հետ մրցավեճը: Արման Քարամյանը հանդիպմանը չի մասնակցել, իսկ ահա Արտավազդ Քարամյանը, ապաքինվելով վնասվածքից, կրկին վերադարձել է հիմնական կազմում եւ լավագույններից մեկը եղել խաղադաշտում: Քարամյանների թիմը 20 միավորով ընթանում է չորրորդ հորիզոնականում: