ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՍԱՆԵՐԻ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կկայանան 23-րդ տուրի հանդիպումները: Շուրջ 15 օր բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները հանգստանում էին, քանի որ հոկտեմբերի 11-ին եւ 15-ին ազգային հավաքականներն էին անցկացնում պաշտոնական հանդիպումներ:
«Փյունիկ» - «Բանանց» 15:00
Երեւան, «Փյունիկ» մարզադաշտ
Տուրի կենտրոնական հանդիպումը կկայան «Փյունիկ» մարզադաշտում, որտեղ առաջատարը կհյուրընկալի ընթացիկ առաջնությունում 4-րդ մարզչական փոփոխությունը իրականացրած «Բանանցին»: Վերջինս մոտ 10 օր առաջ գլխավորեց Արմեն Գյուլբուդաղյանցը, որը իր մարզչական կարիերայում ամենամեծ հաջողությանը հասել է հենց «Փյունիկի» հետ՝ 2007թ. առաջնությունում թիմի հետ դառնալով Հայաստանի չեմպիոն:
Գյուլբուդաղյանցը մինչեւ այս տարվա հունիսը աշխատում էր` որպես չեմպիոնի գլխավոր մարզիչ, իսկ այժմ «Բանանցում» իր նորամուտը կնշի հենց իր նախկին սաների դեմ խաղով: Սա անշուշտ էլ ավելի սկզբունքային է դարձնում հանդիպումը, որը նաեւ մեծ նշանակություն ունի մրցանակային տեղերի համար պայքարում: «Բանանցը» դեռ չի կորցրել 3-րդ տեղը գրավելու հնարավորությունը, իսկ «Փյունիկը» չեմպիոնական սուր մրցակցության մեջ է «Արարատի» հետ:
«Միկա» - «Կիլիկիա» 15:00
Երեւան, «Միկա» մարզադաշտ
Ներկայումս «Միկան» ընթանում է 4-րդ հորիզոնականում, սակայն նույնքան միավոր է վաստակել, որքան եւ լավագույն եռյակը եզրափակող «Գանձասարը»: Այս տուրում Սուրեն Բարսեղյանի մրցակիցը կլինի ետնապահ «Կիլիկիան», որի հետ հանդիպումներում «Միկայի» խաղացողները ընթացիկ առաջնությունում միավորներ չեն կորցրել հաղթելով բոլոր 3 հանդիպումներում գնդակների 9:1 տարբերությամբ: Այս անգամ եւս «Միկան» բացահայտ ֆավորիտն է:
«Արարատ» - «Ուլիս» 15:00
Աբովյան, Քաղաքային մարզադաշտ
Չեմպիոնության համար պայքարող «Արարատի» համար այս խաղում ոչ-ոքին հավասարազոր կլինի պարտության: Սակայն «Ուլիսը» վերջին տուրերում բավական բարդ մրցակից է դարձել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականում գտնվող թիմերին: Սեւադա Արզումանյանի թիմը նախորդ տուրում կարողացավ 1:1 հաշվով ավարտել «Փյունիկի» հետ հանդիպումը եւ հնարավորություն տվեց «Արարատին» ընդհուպ մոտենալ առաջատարին:
«Գանձասար» - «Շիրակ» 15:00
Կապան, «Լեռնագործ» մարզադաշտ
Սեփական հարկի տակ «Գանձասարը» բավական հաջող է հանդես գալիս եւ այս խաղում էլ համարվում է հաղթողի ռեալ հավակնորդ: 3-րդ տեղի համար պայքարող կապանցիները ընթացիկ մրցաշրջանում 3 անգամ են հանդիպել «Շիրակի» հետ, որոնցից 2-ում հաղթել են «չոր» հաշվով, իսկ եւս մեկ մրցավեճում հաղթել են գյումրեցիները: