Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՄԵԿՆԱՐԿԸ

Սպորտ

Մեկնարկեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը, որի առաջին տուրում հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող թիմերը: Տղամարդկանց պայքարում մեր 3 թիմերն էլ խոշոր հաշվով հաղթանակներ տոնեցին: Հայաստանի չեմպիոն «Միկայի» մրցակից լիտվական «Պանեվեչուս» թիմն էր: «Միկան» հանդես եկաբ Լեւոն Արոնյան, Բորիս Գելֆանդ, Գաբրիել Սարգսյան, Բաադուր Ջոբավա, Տիգրան Պետրոսյան, Արման Փաշիկյան կազմով, իսկ Մագնուս Կառլսենը, որը ամենաբարձր վարկանիշը ունի հայկական թիմի կազմում, այս տուրում հանգստանում էր: Հայաստանի չեմպիոնը առավելության հասավ 4.5:1.5 հաշվով: Հաղթանակներ տոնեցին Գելֆանդը, Ջոբավան եւ Փաշիկյանը, իսկ մյուս 3 խաղատախտակների վրա գրանցվեցին ոչ-ոքիներ:

Հայաստանի փոխչեմպիոն «Բանկային Արքան» մեկնարկային տուրում մրցեց հոլանդական «Կալդեր» թիմի հետ եւ ջախջախեց մրցակցին 6:0 հաշվով: «Բանկային Արքան» հանդես կգա Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Դավիթ Հարությունյան, Տիգրան Քոթանջյան, Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյան կազմով: Երեւանի ՖԻՄԱ-ի մրցակիցն էր իռլանդական «Ֆիբսբորո» թիմը, որի դեմ հայկական թիմը հանդես կգա Զավեն Անդրեասյան, Հրանտ Մելքումյան, Ավետիք Գրիգորյան, Արման Հայրապետյան, Յուրի Համբարձումյան, Գագիկ Հակոբյան կազմով: Երիտասարդ հայ շախմատիստները առավելության հասան 5:1 հաշվով: Հայկական այս 3 թիմերից մրցանակային տեղերի լուրջ հավակնորդ է համարվում «Միկան», որի առջեւ խնդիր է դրված պայքարել ոսկե մեդալների համար: Իսկ այա մյուս 2 թիմերի ֆավորիտներ թվին չեն դասվում, թեեւ «Բանակային Արքան» բավական փորձառու շախմատիստներով է համալրված:

Կանանց պայքարում հանդես եկող թիմերը պայքարում են ոչ է թե 6-ական, այլ 4-ական մասնակիցներով: Հայաստանը ներկայացնող «Միկայի» կանանց թիմը առաջին տուրում հանդիպեց է իսրայելական «Հայֆայի» հետ: Հայաստանի չեմպիոնը հանդես եկավ Էլինա Դանիելյան, Կատերինա Լահնո, Լիլիթ Մկրտչյան, Նինո Կուրտսիձե կազմով եւ առավելության հասավ 3:1 հաշվով:

2-րդ տուրում «Միկան» կմրցի հունական «Սալոնիկի» թիմի հետ: Այս անգամ Լեւոն Արոնյանի փոխարեն հանդես կգա Մագնուս Կառլսենը: ՖԻՄԱ-ի մրցակիցը կլինի ռուսական «Էկոնոմիստը», իսկ «Բանկային Արքան» ուժերը կչափի բոսնիական «Շիրոկի Բրիյեգի» հետ:

Կանանց պայքարում «Միկան» կհանդիպի Չեռնոգորիայի «Պոտգորիցա» թիմի հետ: