Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԿՍՈՒՄ ԵՆ ԼԻՏՎԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Սպորտ

Այսօր Հունաստանում կկայանա շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության առաջին տուրը: Մրցաշարի պաշտոնական բացումը կայացել է երեկ: Կալիթաե քաղաքում Եվրոպայի լավագույն ակումբները 24-րդ անգամ կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Մեկնարկային տուրում Հայաստանի չեմպիոն «Միկայի» մրցակիցը կլինի լիտվական «Պանեվեչուս» թիմը: «Միկան» հանդես կգա Լեւոն Արոնյան, Բորիս Գելֆանդ, Գաբրիել Սարգսյան, Բաադուր Ջոբավա, Տիգրան Պետրոսյան, Արման Փաշիկյան կազմով, իսկ Մագնուս Կառլսենը, որը ամենաբարձր վարկանիշը ունի հայկական թիմի կազմում, այս տուրում կհանգստանա: «Միկան» իր վարկանիշով 2-րդն է մրցաշարում, իսկ «Պանեվեչուսը»` 34-րդը: Հայկական թիմը այս մրցավեճի բացահայտ ֆավորիտն է, սակայն կարեւոր է նաեւ, որ «Միկան» հաղթի խոշոր հաշվով:

Հայաստանի փոխչեմպիոն «Բանկային Արքան» մեկնարկային տուրում մրցելու է հոլանդական «Կալդեր» թիմի հետ: «Բանկային Արքան» հանդես կգա Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Դավիթ Հարությունյան, Տիգրան Քոթանջյան, Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյան կազմով: Հայկական այս թիմը իր վարկանիշով մրցաշարում 14-րդն է, իսկ նրա մրցակիցը` 46-ը: Այստեղ եւս բացահայտ ֆավորիտը «Բանկային Արքան» է:

Եվրոպայի առաջնությունում հանդես կգա նաեւ Երեւանի ՖԻՄԱ-ն, որը համլրված է երիտասարդ շախմատիստներով: Առաջին տուրում ՖԻՄԱ-ի մրցակիցը կլինի իռլանդական «Ֆիբսբորո» թիմը, որի դեմ հայկական թիմը հանդես կգա Զավեն Անդրեասյան, Հրանտ Մելքումյան, Ավետիք Գրիգորյան, Արման Հայրապետյան, Յուրի Համբարձումյան, Գագիկ Հակոբյան կազմով:

Հայկական այս 3 թիմերից մրցանակային տեղերի լուրջ հավակնորդ է համարվում «Միկան», որի առջեւ խնդիր է դրված պայքարել ոսկե մեդալների համար: Իսկ այա մյուս 2 թիմերի ֆավորիտներ թվին չեն դասվում, թեեւ «Բանակային Արքան» բավական փորձառու շախմատիստներով է համալրված:

Կանանց պայքարում հանդես եկող թիմերը կպայքարեն ոչ է 6, այլ 4-ական մասնակիցներով: Հայաստանը կրկին կներկայացնի «Միկայի» կանանց թիմը, որը առաջին տուրում հանդիպելու է իսրայելական «Հայֆայի» հետ: Հայաստանի չեմպիոնը հանդես կգա Էլինա Դանիելյան, Կատերինա Լահնո, Լիլիթ Մկրտչյան, Նինո Կուրտսիձե կազմով, իսկ ահա առաջատար Մայա Չիբուրդանիձեն այս տուրում կհանգստանա: «Միկային» 2006թ. Եվրոպայի չեմպիոնն է, 2007թ. բրոնզե մեդալակիրը: Այս տարիք հայկական թիմը իր վարկանիշով 3-րդն է մրցաշարում եւ համարվում է հաղթողի հավանորդ: