ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԿԱՄ ՉԵՆ ՂԵԿԱՎԱՐԻ
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում գործող մարզական ֆեդերացիաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) այլեւս չի գլխավորելու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Ծառուկյանը տեղեկացրեց նաեւ, որ բնռցքամարտի ֆեդերացիան եւս կունենա նոր նախագահ, իսկ նախկին ոստիկանապետ, ներկայումս նախագահի թիկնազորի պետ Հայկ Հարությունյանը այլեւս չի ղեկավարի այս ֆեդերացիան:
Թե ովքեր կգլխավորեն ֆեդերացիաները ստույգ տեղեկություններ առայժմ չկան: Դեռ ավելին, չի բացառվում, որ Սամվել Ալեքսանյանը եւ Հայկ Հարությունյանը շարունակեն զբաղեցել այդ պաշտոնները: Համենայնդեպս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ Հայկ Հարությունյանը շարունակելու է աշխատել իր պաշտոնում եւ նրանից ֆեդերացիայում գոհ են:
Իսկ ահա ըմբշամարտի ֆեդերացիայում անորոշ վիճակ է: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանը նշեց, որ շուտով ֆեդերացիան նիստ պետք է անցկացվի, որտեղ էլ պետք է քննարկվի նախագահի հարցը: Բայց Վարդանյանը ընդգծեց, որ իրենք դժգոհ չեն Սամվել Ալեքսանյանից. «Ալեքսանյանը միշտ էլ մեզ աջակցել է: Եթե նոր նախագահ ունենանք, ապա նա պետք է կարողանա մեզ նույնպիսի ֆինանսական աջակցություն ցուցաբերել, ինչպես որ դա անում էր Սամվել Ալեքսանյանը»: