Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՉՈՒՆԵՄ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը այս տարի չկարողացավ հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլի արգելքը: Հայ ֆուտբոլիստները Սլովենիայում կայացած ընտրական մրցաշարում պարտվեցին բոլոր 3 հանդիպումներում, թեեւ հանդիպումների ընթացքում հիմնական հաղթողի դերում էին:

Մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մեր ընտրանին ընդհանուր առմամբ լավ է հանդես եկել. «Մեր ֆուտբոլիստները շատ լավ խաղացին, բայց փաստորեն ֆիզիկիապես դեռ պատրաստ չեն 90 րոպե անցկացնել խաղադաշտում, որի պատճառով էլ առաջին կեսում մենք հաջող արդյունք էինք ունենում, իսկ երկրորդում կորցնում ձեռք բերած առավելությոնը: Խնդիրը այն է, որ հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստներից շատերը իրենց ակումբների կազմերում փոխարինման են դուրս գալիս եւ 20-30 րոպե անցկացնում խաղադաշտում»:

Արմեն Սանամյանը ընդգծեց, որ արդարանալու միտում չունի, բայց փաստ է, որ մրցավարները Հայաստանին խանգարեցին հատկապես Հայաստան – Սլովակիա խաղում. «Սա առաջին հանդիպումն էր, որում մենք բացահայտ առավելություն ունեինք: Գոլը խփելուց հետո եւս մեկ անգամ աչքի ընկանք, սակայն մրցավարները խփած մաքուր գոլը չհաշվեցին: Ի դեպ, նշեմ, որ հանդիպումը վարում էին 5 մրցավարներ: ՖԻՖԱ-ի նորամուծության արդյունքում բացի գլխավոր մրցավարից եւ 2 եզրայիններից, 1-ական մրցավարներ կանգնել էին դարպասների մերձակայքում, որպեսզի վիճելի պահերին օգնեն գլխավորին»: Բայց նորամուծությունը Հայաստանին օգտին չի եղել եւ մրցավարները 2-րդ գոլը չեն հաշվել, ինչը հետագայում ազգդել է հանդիպման ելքի վրա. «2-րդ կեսում մենք դարպասը գրավելու եւս մի քանի պահ ունեցանք, սակայն մրցակցին օգնության եկավ դարպասաձողը, իսկ դրվագներից մեկում Սարգիս Կարապետյանը մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ չկարողացավ գրավել դարպասը, իսկ քիչ անց գոլ ընդունեցին, որից հետո մրցավարը նաեւ կարմիր քարտի արժանացրեց մեր խաղացողին: Այս հեռացումը պարտադիր չէր եւ այդ մասին հանդիպումից հետո նշեցին մի շարք մասնագետներ: Մնալով 10 հոգով` մեր հավաքականը չկարողացավ դիմակայել մրցակցին եւ խաղավերջում 2 գնդակ ընդունեց: Ընդ որում, 2-րդ գնդակը սլովակները խփեցին մրցավարի ավելացրած րոպեին նշանակված խիստ կասկածելի 11 մետրանոցից»:

Հաջորդ խաղում Հայաստանը 0:1 հաշվով պարտվել է Նորվեգիայի հավաքականին, թեեւ հավասար պայքար է մղել մրցակցի հետ. «Կողմերից որեւէ մեկը առավելություն չուներ, պարզապես առաջին կեսում նորվեգացիները կարողացան ստանդարտ դիրքի խաղարկումից հետո գրավել մեր դարպասը եւ պահպանել հաղթական հաշիվը»: Ամենացավալի պարտությունը Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը կրել է խմբային մրցաշարի վերջին խաղում տանտերերի` Սլովենիայի հավաքականի հետ խաղում. «Հաղթում էինք 2:0 հաշվով, սակայն վերջնամասում 3 գնդակ ընդունեցինք եւ պարտվեցինք: Շատ ցավալի պարտություն էր: Բայց ամեն դեպքում ես գոհ եմ տղաներից: Նրանք ամեն ինչ արեցին դրական արդյունքի համար: Ուրախալի է, որ մենք ունենք տաղանդավոր երիտասարդներ, որոնք ապագայում պետք է հանդես գան ազգային հավաքականում»: