Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՂԱՑԱՆԿՆ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ

Սպորտ

Երեկ Զենիցայում ընտրական հանդիպում անցկացրած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դեռ Բոսնիայում է եւ հայաստան կժամանի միայն վաղը: Բոսնիա - Հայաստան (4:1) հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հայտարարել է, որ հանդիպմանը ելքը տրաբանական էր:

«Բոսնիան այս խաղի ժամանակ մի գլուխ բարձր էր մեզանից, հատկապես առաջին կեսում: Կոպտ սխալները ստիպեցին մեզ 2 անգամ գնդակը հանել սեփական դարպասից, ինչից հետո շատ դժվար էր վերադասավորվել ու հավասար պայքարել էմոցիոնալ վերելք ապրող բոսնիացիների հետ», - ՀՖՖ մամուլի քարտուղարությանը ասել է Յան Պոուլսենը:

Դանիացի մասնագետը նշել է նաեւ, որ Բոսնիան ավելի բարդ մրցակից էր քան Բելգիան, որի հետ հայ ֆուտբոլիստները մրցեցին հոկտեմբերի 11-ին. «Եթե համեմատենք Բոսնիայի եւ Բելգիայի հավաքականներին, ապա այստեղ առկա են երկու տարբեր ոճեր: Բոսնիացիներն ավելի հարձակվողական են, կազմակերպված: Բելգիան երիտասարդ, բայց արագ թիմ է: Բացի այդ տարբերություն կա Բոսնիան տանն է խաղում, թե դրսում»:

Պոուլսենը ընտրական փուլում ունեցած խիստ անհաջող ելույթները պայմանավորել է բարդ խաղացանկով.«Համաձայնվենք, որ չափազանց դժվար խաղացանկ էր: Ընդամենը մեկ խաղ տանը, այն էլ Թուրքիայի հետ եւ 3 անընդմեջ արտագնա հանդիպում ուժեղ մրցակիցների հետ: Չեմ արդարանում եւ համոզված եմ, որ պետք է ճիշտ հետեւություններ անել, դասեր քաղել այս պարտություններից ու շարժվել առաջ»:

Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչը խաղի մասին ասել է հետեւյալը.«Շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստներին եւ երկրպագուներին, որոնք այս երեկո հիանալի էին: Խաղասկզբում մենք չկարողացանք արագ գոլ խփել, բայց դրանից չընկճվեցինք եւ շարունակեցինք նույն ոճով, որը տվեց իր արդյունքը: Կարծում եմ այս հաղթանակից հետո մենք եւս ուղեգրի հավականորդների թվում ենք»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը նշել է, որ բոսնիացիները բավական ուժեղ էին. «Նրանք, օրինակ, Ռախիմիչը, տիրում էին բոլոր գնդակներին եւ արագ գրոհներ էին սկսում: Առջեւի գծում, նաեւ ինձ մոտ, շարժումները պակասում, իսկ առանց լավ շարժման դժվար է որեւէ բան անել: Մրցակցի կազմում շատ էին ուժեղ ֆուտբոլիստները: Հատկապես լավ խաղաց Ձեկոն, անընդհատ ընդունում էր գնդակը, ու գերազանց էր գործում անհատապես»:

Զեբելյանը գտնում է, որ անհաջողություններից հետո չպետք է ընկճվել.«Մենք արդեն խաղացինք բոլոր ուժեղների հետ, այն էլ 3 խաղ մրցակցի հարկի տակ: Տանը, կարծում եմ, կարող ենք հաջողությամբ հանդես գալ թե՛ Բելգիայի, թե՛ Բոսնիայի հավաքականների դեմ: Մենք կարող ենք շտկել մեր խաղը, պետք է պարզապես ճիշտ հետեւություններ անել մեր անցած հանդիպումներից»: