«ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԷՐ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչումը նվաճեց «Ֆուրման» ակումբը: 8 թիմերի մասնակցությամբ առաջնության վերջին` 14-րդ տուրի խաղում Արմեն Ավետիսյանի գլխավորած «Ֆուրմանը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկի» դարպասը եւ առաջին անգամ իր պատմության մեջ դարձավ չեմպիոն:
«Այս տարի մեր ակումբը դառնում է 10 տարեկան եւ սա ամենալավ նվեր էր «Ֆուրման» ակումբի համար», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ակումբի հիմնադիր եւ նախագահ Արթուր Աբրահամյանը եւ ավելացրեց. «Սա քրտնաջան աշխատանքի արդյունքն էր եւ մենք վերջապես հասանք մեր նպատակին: Նախորդ տարիներին մենք մի քանի անգամ մինչեւ 18 տարեկանների պայքարում դարձել էինք մրցականակակիր, սակայն չեմպիոն դառնում ենք առաջին անգամ եւ սա ամենամեծ նվաճումն է ակումբի պատմության ընթացքում»: «Ֆուրմանը» հատկապես հաջող է հանդես եկել 2-րդ շրջանում: Թիմը վերջին 7 հանդիպումներում միայն հաղթանակներ է տոնել` բաց թողնելով ընդամենը 2 գնդակ:
Արթուր Աբրահամյանը հայտնեց, որ ցանկությունը մեծ է հաջորդ տարի հանդես գալու Հայաստանի առաջին խմբի առաջնությունում. «2008թ. առաջին խմբի առաջնությանը մասնակցել չհաջողվեց: Կփորձենք դա անել հաջորդ տարի, քանի որ այդ պահը վաղուց հասունացել է: Մենք արդեն ունենք պատրաստի թիմ: Այն տղաները, որոնք այս տարի դարձան չեմպիոն, հաջորդ տարի տարիքի պատճառով այլեւս չեն կարող մասնակցել մանկապատանեկան առաջնություններին, ուստի եթե ունենք մեծահասակների թիմ, ապա կարող ենք լուրջ նպատակներ հետապնդել առաջին խմբի առաջնությունում»:
Ի դեպ, Հայաստանի առաջին խմբի ընթացիկ առաջնությունում ներկայումս մասնացկում են բացառապես բարձրագույն խմբի ակումբների 2-րդ կամ 3-րդ թիմերը, քանի որ վերջին տարիներին հանրապետությունում զգալիորեն նվազել է ակումբների թիվը: