ՊԱՅՔԱՐ Բ ԴԻՎԻԶԻՈՆԻ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինՌեգբիի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի Շվեյցարիայի ազգային թիմին: Եվրոպական ազգերի գավաթի 3Ա դիվիզիոնի մրցաշարում սա Հայաստանի 2-րդ հանդիպումն է:
Հայաստանի հավաքականը այս դիվիզիոնում մրցում է Սերբիայի, Շվեյցարիայի, Լիտվայի եւ Անդորրայի հավաքականների հետ: Հաղթողը իրավունք կստանա մասնակցելու 2Բ դիվիզիոնում: Հայաստանի հավաքականը ընթացիկ մրցաշարում արդեն մեկ հանդիպում է անցկացրել` հյուրընկալվելիս 41:0 հաշվով առավելության հասնելով Սերբիայի նկատմամբ:
Իսկ Հայաստանի առաջիկա մրցակից Շվեյցարիան համաշխարհային վարկանիշային աղյուսակում ընթանում է 52-րդ հորիզոնականում: Իսկ Հայաստանը իր ցուցադրած արդյունքներով կարող էր լինել 33-րդ տեղում, սակայն Հայաստանի Ռեգբիի ֆեդերացիան առայժմ միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ չէ, ուստի մեր ընտրանին առայժմ վարկանիշային աղյուսակում չի ընդգրկվում:
Ի դեպ, Հայաստանի հավաքականը ներկայումս Հայաստանում գործող թիմային հավաքականներից միակն է, որը նման բարձր վարկանիշ ունի: Մեր ընտրանու կազմում հիմնականում հանդես են գալիս ֆրանսահայ ռեգբիստներ, որոնք հանդես են գալիս բավական բարձր մակարդակ ունեցող Ֆրանսիայի հավաքականում: Հավաքականը մարզում է ֆրանսիացի Շան Ժակ Բոսը, որի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կժամանի Երեւանը վաղը երեկոյան: Շվեյցարիայի հավաքականը Հայաստան կժամանի խաղի օրը: Հանդիպումը վարելու է ֆրանսիացի մրցավար Պիրավեուն: