Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5-ՐԴ ԱՆԳԱՄ «ՍԱՏԱՆԱՆԵՐԻ» ԴԵՄ

Սպորտ

Վաղը` հոկտեմբերի 11-ին, Բրյուսելի «Ռոա Բոդուին» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը, 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհյուրընկալվի Բելգիայի հավաքականին: Համառոտ ծանոթանանք մեր ընտրանու առաջիկա մրցակցին:

Բելգիայի հավաքականը Հայաստանի ամեանանցանկալի մրցակցիների շարքին է դասվում: Մինչ այս կողմերի միջեւ կայացած 4 հանդիպումներում էլ հաղթել է Բելգիայի հավաքականը, որին Եվրոպայում անվանում են «կարմիր սատանա»:

Բոլոր հանդիպումներն էլ կայացել են Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Առաջին անգամ կողմերը հանդիպել են 1994թ. սեպտեմբերի 9-ին Բրյուսելի «Պարկ Աստրիդ» մարզադաշտում՝ «Եվրո-96»-ի ընտրական փուլի շրջանակներում: Դա ընդհանրապես Հայաստանի հավաքականի առաջին պաշտոնական հանդիպումն էր, որում Էդուարդ Մարկարովի սաները զիջեցին 0:2 հաշվով: Մեկ տարի անց՝ 1995թ. «Հրազդան» մարզադաշտում մերոնք կրկին զիջեցին 0:2 հաշվով: Շուրջ տաս տարի անց վիճակահանությունը կրկին մրցակիցներ դարձրեց Հայաստանի եւ Բելգիայի հավաքականներին, այս անգամ «Եվրո-2008»-ի ընտրական փուլում:

2006թ. սեպտեմբերին լուսահոգի Յան Պորտերֆիլիդի նորամուտի խաղում Հայաստանը «Հանրապետականում» զիջեց 0:1 հաշվով, իսկ 2007թ. հոկտեմբերին կայացած պատասխան խաղում, արդեն անգլիացի Թոմ Ջոնսի գլխավորությամբ մերոնք Բրյուսելում պարտվեցին խոշոր 0:3 հաշվով: Նկատենք, որ «Եվրո-2008»-ում Հայաստանը միավոր չի վաստակել միայն Բելգիայի հավաքականի հետ հանդիպումներում:

Բելգիայի հավաքականի ներկայումս մարզում է Ռենե Վանդերեյկենը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել մի շարք բելգիական թիմերում, մոտ 50 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում եւ խփել 3 գնդակ:

2006 թ. Վանդերեյկեն գլխավորում է Բելգիայի ազգային հավաքականը, որը նրա գլխավորությամբ «Եվրո-2008»-ի ընտրական փուլում, առաջին ընտրական փուլում գրավել է 4-րդ հորիզոնականը:

Բելգիայի ներկայիս հավաքականը փորձառու անվանելը հնարավոր չէ: Քիչ չեն այն խաղացողները, որոնք երիտասարդ են եւ առաջին ընտրական փուլն են անցկացնում: Ամենափորձառու ֆուտբոլիստը Թիմի Սիմոնսն է: 31-ամյա կիսապաշտպանը, ով հանդես է գալիս հոլանդական «Էյնդհովենում», Բելգիայի հավաքականում է 2001 թվականից, այս տարիների ընթացքում անցկացրել է 63 հանդիպում` խփելով երեք գնդակ: Բելգիայի հավաքականի առաջատարների թվին է դաստվում Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող Դանիել Վան Բույտենը, ով 2006թ. երեւանյան մրցավեճի միակ գոլի հեղինակն է: 2001թ. Լիեժի «Ստանդարդից» տեղափոխվելով ֆրանսիական «Մարսել», Վան Բույտենը վերջին տարիներին հանդես է գալիս եվրոպական ճանաչված ակումբներում, իսկ 2006 թվականից համարվում է «Բավարիայի» ֆուտբոլիստ:

Բելգիայի հավաքականի լավագույն ռմբարկուն «Բրյուգեի» 30-ամյա հարձակվող Վեսլի Սոնկն է, ով 44 հանդիպումներում 20 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը: Այս ցուցանիշով Սոնկը եզրափակում է Բելգիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակը: