ՊՈՈՒԼՍԵՆԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորել են արտասահմանցի մասնագետներ, որոնք մեր ազգային թիմի ղեկին երկար չեն մնացել: Ներկայումս էլ Հայաստանի հավաքականի գլխավորող Յան Պոուլսենի ճակատագիրը բավական մշուշոտ է: ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին ասուլիսից պարզ դարձավ, որ դանիացուն հաշված օրեր են մնացել Հայաստանում:
Իհարկե, ամեն բան կարող է փոխվել, եթե Հայաստանի հավաքականը հաջող հանդես գա հոկտեմբերի 11-ին եւ 15-ին` Բելգիայի եւ Բոսնիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական հանդիպումներում, իսկ եթե ոչ, հավանականությունը շատ մեծ է, որ Պոուլսենը պաշտոնանկ կարվի:
Ռուբեն Հայրապետյանը բազմիցս է քննադատել մարզիչների, սակայն նկատենք, որ նա երբեք չի քննադատել հավաքականի գործող մարզչին: Իսկ երեկվա քննադատությունը բավական սուր էր` ի պատասխան Պոուլսենի հայտարարության. « Իմ կարծիքով` եթե մարզիչը հայտարարվում է, որ եզրափակիչ փուլ դուրս գալը հնարավոր չէ, ապա նա իրավունք չունի գլխավորել ազգային հավաքականը: Նա իրավունք չունի նման անպատասխանատու հայտարարություններ անելու»:
Ռուբեն Հայրապետյանը 3 տարի առաջ բավական սուր քննադատության էր ենթարկել նաեւ ֆրանսիացի Բեռնար Կազոնիին. «Հավաքականի ելույթները գնահատում եմ անբավարար: Իհարկե, մեր ֆուտբոլիստները մեծ նվիրվածությամբ են հանդես եկել եւ նրանք մեղք չունեն արդյունքների համար: Մարզիչը թույլ է տվել բազմաթիվ սխալներ»: Խոսքը Հայաստան - Անդորրա (2:1), Հոլանդիա - Հայաստան (2:0) հանդիպումների մասին էր, որից հետո Հայրապետյանը հանդես եկավ նման հայտարարությամբ, սակայն Կազոնին արդեն պաշտոնանկ էր արվել:
Ի դեպ, Պոուլսենը անընդհատ շեշտում է, որ Հայաստան իր կարողություններով չի կարող համեմատվել Բելգիայի կամ Իսպանիայի հետ եւ խաղացողների ընտրությունը Հայաստանում նեղ է: Հոկտեմբերի 11-ին Բելգիայի հետ կայանալիք խաղից առաջ էլ նա հասկացրեց, որ սպասելիքները մեծ չեն կարող լինել:
«Բելգիան ավելի ուժեղ է քան նախորդ տարի, ուստի այս տարի ավելի բարդ է լինելու», - ասել էր Պոուլսենը: Իսկ նախորդ ընտրական փուլում Հայաստանը Բելգիայի հավաքականին զիջել էր 0:1 եւ 0:3 հաշիվներով: Պոուլսենը նախորդ շաբաթ հատուկ ընդգծեց այս հաշիվները, որպեսզի ոչ-ոք չմոռանա, թե որքան անհաջող է հանդես եկել Հայաստանը Բելգիայի դեմ:
Տեղին է հիշել, որ նախկինում Հայաստանի հավաքականը գլխավորած արտասահմանցի այն մասնագետները, որոնց գլխավորությամբ մեր ընտրանին տպավորիչ հանդիպումներ է անցկացրել, երբեք իրենց ելույթների մեծ մասը չէին նվիրում Հայաստանի հավաքականին նսեմացնելուն:
Խոսքը հատկապես ռումինացի Միխայ Ստոյկիցայի եւ լուսահոգի Յան Պորտերֆիլդի մասին է, որոնք խոսում էին միայն լավ արդյունքների մասին, միաժամանակ իրատես էին եւ չէին փախչում իրականությունից: