Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՈՄՍԵՐԸ ԿԳՆԵՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ

Սպորտ

Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում հոկտեմբերի 11-ին կայանալիք Բելգիա-Հայաստան հանդիպումը դիտել ցանկացող հայ ֆուտբոլասերների թիվը բավական մեծ է, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոմսերի հայտեր չի ստացել: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՖՖ մամուլի քարտուղար Գեորգի Մաթեւոսյանը:

«Հյուրընկալող կողմը ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության պարտավոր է մարզադաշտի պարունակության 5 տոկոսի չափով տոմսեր տրամադրել, սակայն ՀՖՖ-ն ֆուտբոլասերների կողմից հայտեր չի ստացել: Ոչ-ոք նախօրոք տոմս չի պատվիրել», - ասաց Գեորգի Մաթեւոսյանը: Նա ենթադրեց, որ Բելգիայում եւ եվրոպական մյուս երկրներում բնակվող հայերը պարզապես կգնան մարզադաշտ եւ կփորձեն տեղում գնել :

Իսկ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտարարել է, որ Հայաստանի համար առանձնացվել է դարպասների հետեւում գտնվող տրիբունան: 50 հազար նստատեղ ունեցող մարզադաշտում հայ ֆուտբոլասերների համար նախատեսված են 2500 նստատեղեր: Խաղի տոմսերը արժեն 5-40 եվրո, իսկ Հայաստանի համար նախատեսված տոմսերը վաճառվում են 5-15 եվրոյով: Մարզադաշտի տոմսարկեղերում տոմսեր վաճառում են` միայն պարզելով, թե որ հավաքականին է երկրպագելու գնորդը:

Բելգիայում բնակվող հայ ֆուտբոլասերներից Արման Կարապետյանը «Ա1+»-ին հայտնեց, որ 50 հազարանոց մարզադաշտ լեփ-լեցուն տեսնելու հույսեր բելգիացիները չունեն. «Այստեղ շատերը սպասում են հոկտեմբերի 15-ին կայանալիք Բելգիա-Իսպանիայի հանդիպմանը, իսկ հոկտեմբերի 11-ին կայանալիք Բելգիա-Հայաստան հանդիպումը հետաքրքրում է հատկապես հայերին, որոնց թիվը Բելգիայում բավական շատ է: Ենթադրում եմ, որ 20-25 հազար ֆուտբոլասեր կլինի խաղադաշտում, որոնցից առնվազն 2 հազարը կլինեն Հայաստանի հավաքականի երկրպագուները»: