Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈՈՒԼՍԵՆԸ ԸՆՏՐԵՑ 20 ՀՈԳՈՒ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վաղը առավոտյան մեկնում է Բրյուսել: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը որոշել է այն խաղացողների անունները, որոնք կմասնակցեն հոկտեմբերի 11-ին Բելգիայի եւ 15-ին Բոսնիայի հետ կայանալիք հանդիպումներին:

Նախորդ շաբաթ Յան Պոուլսենը հրապարակեց 27 հոգանոց ցանկ, որում կային մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ: Հոկտեմբերի 6-ից սկսված ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզիչը այս թիվը կրճատեց` հասցնելով 20-ի: Վնասվածքի պատճառով հավաքականի ճամբար չժամանեց Արտավազդ Քարամյանը, Համլետ Մխիթարյանը թեեւ վնասվածք չուներ, սակայն այդպես էլ չժամանեց Հայաստան, իսկ Արսեն Բալաբեկյանը («Բանանց»), Գրիգոր Մելիքսեթյանը («Փյունիկ»), Նարեկ Բեգլարյանը («Միկա»), Հովհաննես Գրիգորյանը («Բանանցը») ուսումնամարզական հավաքից հետո կմնան Երեւանում: Պոուլսենը հոկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում արդեն հայտարարել էր, որ մի շարք թեկնածուների պարզապես հրավիրել է ազգային թիմի մարզումներին մասնակցելու համար, որպեսզի երիտասարդ այդ խաղացողները վստահություն ձեռք բերեն:

Բացի այդ Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չէր հրավիրվել, իսկ հավաքականի փորձառու խաղացողներ Կարեն Դոխոյանը եւ Ռոմիկ Խաչատրյանը ընդհանրապես հրավեր չէին ստացել:

Այսպիսով Հայաստանի հավաքականը Բելգիայի հետ հանդիպմանը կներկայանա զգալիորեն փոփոխված կազմով, թեեւ կոնկրետ հիմնական կազմում փոփոխությունները կլինեն աննշան: Առայժմ դժվար է ենթադրել միայն, թե ում կվստահի Պոուլսենը հարձակման գծում: Արա Հակոբյանը («Գոմել», Բելառուս) եւ Ռոբերտ Զեբելյանը («Բալթիկա», ՌԴ) իրենց ակումբների կազմերում վերջերս արդյունավետ խաղ են ցուցադրել, իսկ Արման Քարամյանը իրեն լավ է դրսեւորել ռումինական «Տիմիոշարայի» կազմում, թեեւ հանդես է եկել կիսապաշտպանությունում:

«Փյունիկի» կազմում կայուն հանդես է գալիս Գեւորգ Ղազարյանը, որը բավական գեղեցիկ գոլ խփեց Հայաստանի առաջնության կենտրոնական «Փյունիկ» - «Արարատ» խաղում, իսկ Սամվել Մելքոնյանը Դոնեցկի «Մետալուրգում» հազվադեպ է դուրս գալիս խաղադաշտ: Ահա այս 5 խաղացողների միջեւ էլ Պոուլսենը պետք է կատարի ընտրություն, թեեւ 2 հարձակվողով հանդես գալը հարաբերական է, քանի որ Հայաստանի հավաքականը վերջին շրջանում հանդես է գալիս մեկ «մաքուր» հարձակվողով, իսկ առջեւի գծում ընդգրկված մյուս ֆուտբոլիստը ավելի խորքից է գործում:

Մյուս օղակներում պատկերը ավելի հստակ է: Դարպասապահը որպես կանոն Ռոման Բերեզովսկին է, պաշտպանությունում հանդես է գալիս Հովսեփյան-Արզումանյան-Թադեւոսյան-Մկրտչյան քառյակը, իսկ կիսապաշտպանությունում հիմնական կազմում չեն բացակայում Արարատ Առաքելյանը, Լեւոն Պաչաջյանը, Արթուր Ոսկանյանը: Այս եռյակին կարելի է ավելացնել նաեւ Կարեն Ալեքսանյանին, որը Իսպանիայի հետ սեպտեմբերի 10-ին կայացած խաղում հիմնական կազմում էր:

Բրյուսել մեկնող 20 ֆուտբոլիստների ցանկը.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի («Խիմկի», ՌԴ)

Գեւորգ Կասպարով («Ուլիս»)

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)

Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)

Ալեքսանդր Թադեւոսյան («Վիտեբսկ», Բելառուս)

Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)

Հրայր Մկոյան («Արարատ»)

Վահագն Մինասյան («Արարատ»)

Կիսապաշտպաններ

Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)

Լեւոն Պաչաջյան (ԳԱԻՍ, Շվեդիա)

Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)

Կարեն Ալեքսանյան («Տորպեդո», Բելառուս)

Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)

Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)

Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)

Հարձակվողներ

Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)

Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա)

Արա Հակոբյան («Գոմել», Բելառուս)

Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)

Ռոբերտ Զեբելյան («Բալթիկա», Ռուսաստան)