Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱԶՄԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է 90%-ՈՎ»

Սպորտ

Երեւանի «Բանանցի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վերջին ամիսներին չէր աշխատում, սակայն ուշադիր հետեւում էր ֆուտբոլային իրադարձություններին: «Ա1+» հետ զրույցում մարզիչը ասաց, որ «Բանանցից» մեծ սպասելիքներ ուներ եւ արդեն ավարտին մոտեցող մրցաշրջանում թիմը ձգտելու լավ արդյունքի հասնել:

Արմեն Գյուլբուդաղյանցը երեկ «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց դանիացի Կիմ Սիպլդսբոելին, որը օգոստոսից էր աշխատում փոխչեմպիոնի կազմում:

«Արդեն 3 ամիս էր գործազուրկ էի, սակայն ֆուտբոլից կտրված չէի, մասնակցում էի ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող մարզչական սեմինարներին, հետեւում մեր եւ համաշխարհային ֆուտբոլի իրադարձություններին», - ասաց Արմեն Գյուլբուդաղյանցը եւ ավելացրեց, որ «Բանանցը» իր համար հարազատ ակումբ է, որտեղ հաճույքով վերադարձավ. «ԽՍՀՄ փլուզումից հետո ես որպես ֆուտբոլիստ հանդես էի գալիս հենց «Բանանցում», որի կազմում էլ նվաճել եմ անկախացած Հայաստանի առաջին գավաթը: Իսկ որպես մարզիչ «Բանանցում» էի 2002 թվականից մինչեւ 2004թ. ապրիլը, ուստի կարելի է ասել, որոշակի ընդմիջումից հետո վերադարձել եմ ինձ հարազատ ակումբ»:

Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցում» փոփոխությունները բավական շատ են: Ակումբից հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ, եկել նորերը: Մարզիչները եւս երկար ժամանակով չեն աշխատել թիմում, իսկ Գյուլբուդաղյանցը արդեն 4-րդ մասնագետն է, որը այս տարի մարզելու է Հայաստանի փոխչեմպիոնին: «Երբ կողքից ես հետեւում «Բանանցում» տեղի ունեցող փոփոխություններին, թվում է` շատ բան է փոխվել, սակայն արդեն լինելով ակումբի ներսում կարող եմ ասել, որ «Բանանցը» 90 տոկոսով պահպանել է իր կազմը: Մեծ կորուստ կարելի է համարել Արարատ Առաքելյանի եւ Սամվել Մելքոնյանի բացակայությունը, որոնք դեռեւս փետրվարին հեռացան Ուկրաինա: Սակայն «Բանանցը» նախկինի պես մեծ պոտենցիալ ունեցող ուժեղ ակումբ է եւ համախմբելով մեր ուժերը կփորձենք լավ արդյունքերի հասնել», - ասաց «Բանանցի» գլխավոր մարզիչը:

Հայաստանի ընթացիկ առաջնության ավարտին մնացել է 6 տուր եւ ըստ Արմեն Գյուլբուդաղյանցի` վերջնամասում պայքարը շատ ավելի սուր է լինելու. «Չեմպիոնության համար պայքարում են «Արարատը» եւ «Փյունիկը»: Հավասար պայքար է ընթանում է, եւ դժվար է ասել, թե, ի վերջո, ով կգրավի առաջին հորիզոնականը: «Գանձասարը», «Միկան» եւ «Բանանցը» պայքարում են 3-րդ տեղի համար: «Ուլիսը», որը ետ մնացել մյուս թիմերին, վերջին տուրերում սկսել է բավական հաջող հանդես գալ եւ դա անակնկալ չէ, քանի որ ուժեղ թիմ է: Վերջին տուրերում շատ լարված պայքար է ընթանալու յուրաքանչյուր հորիզոնականի համար»:

Արմեն Գյուլբուդաղյանցը հայտնեց նաեւ, որ «Բանանցում» իր օգնականը լինելու է նախկինում հայտնի ֆուտբոլիստ Արա Նիգոյանը, որը վերջին տարիներին աշխատում էր որպես ակումբի մանկապատանեկան դպրոցի մարզիչ: