Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՎԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿԽԱՂԱՆՔ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 11-ին Բելգիայի եւ հոկտեմբերի 15-ին Բոսնիայի հետ ընտրական հանդիպումներին: Արդեն վաղը Հայաստանի պատվիրակությունը կմեկնի մրցավայր: Հայաստանի հավաքականի փորձառու կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը «Ա1+»-ի զրույցում ասաց, որ առաջիկա հանդիպումներում մեր ընտրանին պետք է վերջապես միավորներ վաստակի. «Ընտրական փուլի մեկնարկը անհաջող դասավորվեց մեզ համար: Թուրքիայի եւ Իսպանիայի հետ հանդիպումներում չկարողացանք միավոր վաստակել: Առաջիկա 2 հանդիպումները եւս բարդ են լինելու, քանի որ հանդես են գալիս մրցակիցների հարկի տակ, սակայն պետք է արդեն միավորներ վաստակենք, եւ ես հավատում, որ ձեռնունայն չենք վերադառնա»:

Արթուր Ոսկանյանը գտնում է, որ ընտրական փուլի անհաջող մեկնարկից հետո Հայաստանի հավաքականը լուրջ հետեւություններ է կատարել. «Իմ կարծիքով առաջիկա հանդիպումներում ավելի կազմակերպված կխաղանք, կցուցադրենք մեր ընտրանու ողջ պոտենցիալը: Մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը մենք մի շարք հաջող հանդիպումներ ունեցանք, երբ մեր թիմում առանց բացառության բոլորը հաջող էին հանդես գալիս: Երբ մենք թիմային ֆուտբոլ ենք խաղում, կարողանում ենք հաջող հանդես գալ ցանկացած մրցակցի դեմ»:

Արթուր Ոսկանյանը նշեց նաեւ, որ ներկայումս օպտիմալ մարզավիճակում է. «Կարելի է ասել ներկայումս ավելի լավ մարզավիճակում եմ, քան մեկ ամիս առաջ: Կանոնավոր մասնակցել եմ իմ ակումբի` «Վիտեբսկի» հանդիպումներին»:

Խոսելով Բելգիայի եւ Բոսնիայի հավաքականների մասին` Արթուր Ոսկանյանը ասաց. «Եթե անկեղծ լինեմ, ապա այժմ միայն Բելգիայի մասին ենք մտածում: Բելգիացիների հետ հանդիպումից հետո նոր կմտածենք բոսնիացիների մասին: Բելգիայի հավաքականը շատ լավ ծանոթ է թե մեր հավաքականին, թե մեր ֆուտբոլասերներին: Նախորդ տարի Բրյուսելում 0:3 հաշվով զիջել ենք բելգիացիներին, սակայն առաջին կեսում հաջողության ավելի մոտ էինք եւ խաղով չէին զիջում մրցակցին: Խաղավերջում 3 գնդակ ընդունեցինք եւ պարտվեցինք:

Գրանցված խոշոր հաշիվը արդարացի չէր մեզ համար: Առաջիկա խաղում պետք է փորձենք ապացուցել, որ նախորդ տարի գրանցված հաշիվը հեռու էր իրականությունից»: Հավաքականի կիսապաշտպանը կարծում է, որ Բելգիայի հետ հանդիպման արդյունքը ուղղակիրոն կարող է անդրադառնալ Բոսնիայի հետ կայանալիք խաղի վրա. «Եթե հաջող հանդես գանք Բելգիայում, ապա հոգեբանական առավելություն կստանանք Բոսնիայի հետ խաղում»: