Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-Ն ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շուտով նոր խորհրդանիշ կունենա: Այդ մասին այսօր հայտարարեց ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը հրավիրված մամուլի ասուլիսում ներողություն խնդրեց, որ վերջերս փոփոխված ֆեդերացիայի խորհրդանիշը դժգոհությունների տեղիք է տվել:

«Մենք չէինք մտածում, որ նման աղմուկ կբարձրանա: Իրանակում մեր ֆեդերացիայի զինանշանի փոխությունը ոչ մի կապ չուներ Թուրքիայի հավաքականի հանդիպման հետ: Մենք որոշել էինք փոխել լոգոն, երբ դեռ հայտնի էլ չէր, որ խաղալու ենք Թուրքիայի հետ», - ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Նոր խորհրդանիշը, որում օգտագործվել էր Հայաստանի զինանշանը, օրենքի խախտումով էր կատարվել, քանի որ Հայաստանի օրենսդրությունը արգելում է հասարակական կազմակերպություններին օգտագործել պետության զինանշանը, կամ դրանց տարրերը սեփական լոգոյում:

«Ես որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ներողություն եմ խնդրում մեր ամբողջ հանրությունից, որ իրոք թույլ ենք տվել վրիպում: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա որեւէ առնչություն չունի Թուրքիայի հանդիպման հետ: Ցանկալի չէր, որ այս վրիպման համար մեզ մեղադրեին դավաճանության մեզ: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Կարսի կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրն եմ ստորագրել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Միաժամանակ օրենքը չի արգելում ազգային հավաքականներին միջազգային հանդիպումներում հանդես գալ` Հայաստանի զինանշանը օգտագործելով. «Ես արդեն հրահանգել եմ, որ Հայաստանի հավաքականի մարզաշապիկների վրա լինի Հայաստանի զինանշանը, իսկ ֆուտբոլի ֆեդերացիան շուտով կունենա նոր խորհրդանիշ եւ արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են»:

Ֆեդերացիայի ղեկավարը խոստացավ նոր խորհրդանիշը ընտրելուց առաջ քննարկում կազմակերպել լրագրողների հետ. «Պատվերում նշվել է, որ անպայման խորհրդանիշը պարունակի մեր ազգային սիմվոլներից մեկը, իմ կողմից նշվել է հատկապես Արարատ սարը»:

Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին լոգոն պարունակում էր իր մեջ հենց Արարատ լեռը, սակայն վերադառնալ այս խորհրդանիշին ֆեդերացիան չի պատրաստվում:

Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մասին եւ սուր քննադատության ենթարկեց հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենին: Վերջինս նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում կարող է պայքարել 4-5-րդ տեղերի համար, իսկ ՀՖՖ նախագահի եզրափակիչ դուրս գալու առաջադրանքը իրատեսական չէ: Ռուբեն Հայրապետյանը այս հայտարարություններին ծանոթացավ միայն ասուլիսի ընթացքում եւ զայրանալով ասաց. «Մարզչի առաջ խնդիր չի դրվել պայքարել 4-5-րդ տեղերի համար: Բարոյական չէ նման հայտարարություններ անել, քանի որ ֆեդերացիայի ղեկավարության կողմից նրա առջեւ այլ խնդիրը է դրված: Իմ կարծիքով` եթե մարզիչը հայտարարվում է, որ եզրափակիչ փուլ դուրս գալը հնարավոր չէ, ապա նա իրավունք չունի գլխավորել ազգային հավաքական: Նա իրավունք չունի նման անպատասխանատու հայտարարություններ անելու»:

Ռուբեն Հայրապետյանը անդրադարձավ նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվում» հանդես եկող Հովհաննես Գոհարյանին, որը օգոստոսին մասնակցելով Հայաստան -Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպմանը, այլեւս հրավեր չի ստանում հանդես գալու Հայաստանի հավաքականից. «Նա անձնագրի որեւէ խնդիր չունի, քանի որ Հայաստանի քաղաքացի է: Պարզապես նրա ակումբում թույլ չեն տալիս: Իհարկե, դա բանավոր են ասում նրան: Մենք այդ ուղղությամբ եւս աշխատում ենք, որ հետագայում նա հնարավորություն ունենա ժամանել Հայաստան»: