ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ «ԲԱՆԱՆՑ»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Կիմ Սպիլդսբոելը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել «Փյունիկի» նախկին մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
Դանիացի Կիմ Սպիլդսբոելը օգոստոսին ժամանեց Երեւան, երբ «Բանանցում» պաշտոնանկ էր արվել բուլղարացի Նդելչո Մատուշեւը: Սպիլդսբոելի գլխավորությամբ «Բանանցը» չկարողացավ լքել 5-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանի սուպերգավաթի եզրափակիչում զիջեց «Փյունիկի» 2-րդ կազմին:
Ամեն դեպքում Սպիլդսբոլեը «Բանանցում» կշարունակի աշխատել որպես խորհրդական, իսկ թիմը կգլխավորի Արմեն Գյուլբուդաղյանցը, որը այս տարվա հուլիսին պաշտոնանկ արվեց «Փյունիկից»: Գյուլբուդաղյանցը «Բանանցում» աշխատել է նաեւ 2002-03թթ., որից հետո մեկնել է արտասահման շարունակելու մարզչական ուսումը, իսկ 2007թ. մայիսին դարձել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ «Փյունիկը» 2007թ. դարձավ չեմպիոն, սակայն 2008թ. առաջնության մեկնարկում անհաջող էր հանդես գալիս, ուստի ակումբի ղեկավարությունը հեռացրեց Գյուլբուդաղյանցին: Վերջինս նաեւ աշխատել է որպես մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականի մարզիչ, ինչպես նաեւ ազգային թիմում ընդգրկված է եղել մարզչական շտաբում:
Արմեն Գյուլբուդաղյանցը այս տարի «Բանանցը» գլխավորած 4-րդ մասնագետն է: Փոխչեմպիոնը տարին սկսեց բուլղարացի Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ, որը մարտին տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Կոստովի հեռանալուց հետո «Բանանցը» սկսեց մարզել նրա հայրենակից Նեդելչո Մատուշեւը, որը պաշտոնանկ արվեց օգոստոսին, իսկ վերջին 2 ամիսների ընթացքում «Բանանցում» աշխատում էր Կիմ Սպիլդսբոելը: