100-ԻՑ ԴՈՒՐՍ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի այսօր հրապարակված վարկանիշային աղյուսակում նահանջել է 3 տեղով եւ այժմ ընթանում է 101-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականը վերջին 15 ամիսների ընթացքում առաջին անգամ լքեց աշխարհի լավագույն 100 հավաքականների ցանկը:
Վերջին ամիսներին Հայաստանը վարկանիշային աղյուսակում կանոնավոր նահանջում է, որի արդյունքում դուրս մնաց լավագույն 100 հավաքականների շարքից: Պատճառը աշխարհի 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում անհաջող մեկնարկն էր: Հայտնի է, որ հայ ֆուտբոլիստները Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականների հետ հանդիպումներում միավոր չվաստակեցին: Հոկտեմբերի 11-ին եւ 15-ին Հայաստանը հերթական ընտրական հանդիպումներն է անցկացնելու` հյուրընկալվելով համապատասխանաբար Բելգիայի եւ Բոսնիայի հավաքականներին: Բելգիացիները նախորդ ամսվա համեմատ առաջադիմել են 3 տեղով եւ այժմ 51-րդ հորիզոնականում են, իսկ Բոսնիայի հավաքականը պահպանել է 75-րդ տեղը:
2 հավաքականներն էլ ընտրական փուլում արդեն հասցրել են հաղթանակներ տոնել` պարտության մատնելով Էստոնիայի հավաքականին, իսկ Բելգիան հյուրընկալվելիս նաեւ ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի հետ: Վերջինս նահանջել է 3 հորիզոնականով եւ այժմ 13-րդ տեղում է, իսկ Էստոնիայի հավաքականը, որի հետ Հայաստանը կմրցի 2009թ. մարտին, 139-րդ տեղում է:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են Իտալիայի, Գերմանիայի, Բրազիլիայի, Հոլանդիայի, Խորվաթիայի, Արգենտինայի, Չեխիայի, Ռուսաստանի եւ Պորտուգալիայի հավաքականը:
Հարեւան Վրաստանի հավաքականը նահանջել է միանգամից 20 տեղով եւ այժմ 97-րդն է աշխարհում, Իսկ Ադրբեջանը 145-րդ տեղում է: