Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԽՆԴԻՐԸ ԲԱՐԴ Է, ԲԱՅՑ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ»

Սպորտ

Այսօր երեկոյան ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մեկնում է Սլովենիա, որտեղ հոկտեմբերի 10-ին մեկնարկում է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական առաջին փուլը: Հայաստանի մրցակիցները կլինեն Սլովենիայի, Սլովակիայի եւ Նորվեգիայի հավաքականները: Այս թիմերի պայքարում առաջին 2 հորիզոնականները գրաված հավաքականները դուրս կգան էլիտ-ռաունդ:

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջիկա մրցաշարին սկսել են մասնակցել սեպտեմբերի 19-ից. «Նախապատրաստական առաջին փուլը անցկացրեցինք սեպտեմբերի 19-24-ը Երեւանում, որի ընթացքում ստուգողական հանդիպում անցկացրեցինք «Շենգավիթի» հետ: Հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Հաջորդ հավաքը սկսեցինք հոկտեմբերի 29-ին, որը շարունակվում է մինչ օրս: Այս ընթացքում եւս մեկ ստուգողական հանդիպում անցկացրեցինք «Շենգավիթի» հետ եւ այս անգամ առավելության հասանք 6:3 հաշվով»:

Արմեն Սանամյանը, այս ընթացքում ծանոթանալով հավաքական հրավիրված թեկնածուների մարզավիճակին, որոշել է այն 18 խաղացողների անունները, որոնք մեկնում են Սլովենիա. «Սկզբում ընդլայնված կազմ էինք հրապարակել, իսկ ստուգողական հանդիպումներից հետո մնացին 18 հոգի, որոնք էլ հանդես կգան առաջիկա հանդիպումներում: Տղաները լավ մարզավիճակում են, արդեն այս տարիքային խմբում հանդես գալու միջազգային փորձ ունեն: Բարձր տրամադրությամբ ենք ուղեւորվում մրցաշարին եւ շատ կարեւոր է, որ նախապատրաստական փուլում ստեղծվեց համերաշխ եւ մարտունակ կոլեկտիվ»:

Հավաքականում ըդնգկված են հիմանականում հայկական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Միակ լեգեոները Ռազմիկ Հովհաննիսյանն է («Սիադ Մոստե», Չեխիա): «Ռազմիկը հոկտեմբերին 5-ին միացավ մեզ: Մարզումների ընթացքում նա ցույց տվեց, որ լավ մարզավիճակում է: Հուսով եմ` նա օգուտ կտա հավաքականին», - ասաց մարզիչը:

Խոսելով մրցակիցների մասին` Արմեն Սանամյանը ասաց, որ խմբում ֆավորիտներ չկան. «Բոլոր հավաքականներն էլ ուժեղ մրցակիցներ են: Իրենց խաղամակարդակներով առանձնանում են Սլովակիան եւ Նորվեգիան, որոնք ֆուտբոլում լավ ավանդույթներ ունեն, իսկ Սլովենիան հանդես է գալու սեփական հարկի տակ եւս տանտիրոջ գործոնը անշուշտ սլովենացիներին առավելություն է տալիս: Խնդիրը բարդ է, բայց հաղթահարելի»:

Նախորդ տարի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ կարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը եւ դուրս գալ էլիտ-ռաունդ, որը այս տարի մայիսին կայացավ Հայաստանում: Հայ ֆուտբոլիստները Իսպանիայի, Ուկրաինայի եւ Թուրքիայի հավաքականնների հետ պայքարում չկարողացան միավոր վաստակել եւ խմբում գրավեցին վերջին հորիզոնականը: