ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԴԱՆԻԱՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր հայտնի են դարձել 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու հոկտեմբերի 11-ին կայանալիք հանդիպումների մրցավարների անունները:
Բելգիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի դանիացի մրցավարական բրիգադը Պետեր Ռասմուսենի գլխավորությամբ, որին կօգնեն Բիլ Ռենե Հանսենը եւ Մարտին Վուլֆը: 4-րդ մրցավարի պարտականությունները կկատարի Կլաուս Բո Լարսենը: ՈւԵՖԱ-ի պատվիրակը կլինի ալբանացի Բույար Կասմին, իսկ մրցավարների տեսուչը` Ալֆրեդո Տրենտալանջեն Իտալիայից:
Գլխավոր մրցավար Պետեր Ռասմուսենը 33 տարեկան է եւ համարվում է ՈւԵՖԱ-ի ամենահեռանկարային մրցավարներից մեկը: Դանիացին մրցավարությամբ զբաղվում է 1994թ., սակայն միայն 2006թ. է սկսել վարել Դանիայի բարձրագույն խմբի հանդիպումներ: Ռասմուսենը վերջին 2 տարիներին սպասարկել է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող 18 հանդիպումներ: Մասնավորապես Պետերին վստահել են ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 6 հանդիպումներ, այդ թվում 2007-08թթ. մրցաշրջանի փլեյ-օֆֆի «Բոլթոն»-«Ատլետիկո» մրցավեճը:
Ազգային հավաքականների մասնակցությամբ հանդիպումների մեծ փորձ Ռասումսենը չունի: Նա վարել է միայն «Եվրո-2008»-ի ընտրական փուլի Գերմանիա-Կիպրոս եւ Սան Մարինո-Իռլանդիա հանդիպումները:
18 միջազգային հանդիպումներում դանիացի մրցավարը 32 դեղին քարտ է ցույց տվել, 3 ֆուտբոլիստի հեռացրել խաղադաշտից եւ նշանակել 4 11 մետրանոց, որոնից 3-ը տանտերերի դարպասին: