Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՐԱԶԴԱՆԸ» ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Սպորտ

Վերակառուցումից հետո շահագործման հանձնված Երեւանի «Հրազդան» մարզադաշտը ընդգրկվել է Եվրոպայի խոշորագույն մարզադաշտերի շարքում:

55000 նստատեղ ունեցող մարզադաշտը խոշորագույն մարզադաշտերի ցանկում զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը: «Հրազդան» մարզադաշտը շահագործման է հանձնվել 1971թ., որից հետո այնտեղ մի քանի տասնամյակ հանդես է եկել Երեւանի «Արարատը»:

ԽՍՀՄ փլուզումից հետո «Հրազդանում» հանդես է եկել Հայաստանի ազգային թիմը, ինչպես նաեւ մի շարք հայկական թիմեր: Վերջին տարիներին «Հրազդանում» հանդես է գալիս «Կիլիկիա» ակումբը, որին էլ պատկանում է մարզադաշտը, իսկ վերակառուցումից հետո «Հրազդանում» կրկին իր ելույթներն է սկսել Հայաստանի ազգային հավաքականը, որի մասնակցությամբ սեպտեմբերի 6-ին կայացած Թուրքիայի հետ հանդիպմանը ներկա է 37 հազար հանդիսական: «Հրազդանը» նաեւ Հարավային Կովկասի խոշորագույն մարզադաշտ է: Եվրոպայի խոշորագույն մարզադաշտերի շարքում բացահայտ առաջատարը կատալոնական «Բարսելոնայի» մարզադաշտն է ` «Նոու Քամփը», որը կառուցվել է 1954-57թթ.:

Հինգ աստղանի այս մարզադաշտը ներկայումս տեղավորում է 99 հազար հանդիսական: 2-րդ տեղում ընթացող Լոնդոնի «Ուեմբլիի» ցուցանիշը 9 հազարով պակաս է: «Ուեմբլիում» 5 անգամ (1963, 1968, 1971, 1978, 1992թթ) կայացել են Չեմպիոների գավաթի եզրափակիչներ, երկու անգամ(1965, 1993թթ) գավաթակիրների գավաթի եզրափակիչներ: Այստեղ տեղի են ունեցել նաեւ 1966թ. աշխարհի առաջնության եւ 1996թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումները: Լավագույն եռյակը եզրափակում է Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտը, որն ունի 80 հազար նստատեղ: Այստեղ իրենց հանդիպումներն են անցկացնում Կիեւի «Դինամոն» եւ «Արսենալը», ինչպես նաեւ Ուկրաինային հավաքականը:

Եվրոպայի խոշորագույն մարզադաշտերը

Մարզադաշտ Նստատեղ

1. Նոու Քամփ 99000

2. «Ուեմբլի» 90000

3. «Օլիմպիական» 83450

4. «Սան Սիրո» 82955

5. Կրոկ Պարկ 82500

6. «Օլիմպիկո» 82000

7. Աթաթուրքի անվ 81283

8. «Սիգնալ Իդունա» 81264

9. Սանտյագո Բեռնաբեու 80354

10. «Ստադ դե Ֆրանս» 80000