Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱՎԱԶԴԸ ՉԻ ԺԱՄԱՆԻ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը Շվեդիայի առաջնության 25-րդ տուրի «Նորկոպինգ» - ԳԱԻՍ խաղում հյուրերի կազմում փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին: Պաչաջյանի թիմը հաղթել է 1:0 հաշվով: Այս հանդիպումից հետո Լեւոնը կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ հոկտեմբերի 9-ին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: 2 օր անց Բրյուսելի «Ռոա Բոդուին» մարզադաշտում Հայաստանի հավաքականը աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալվելու է Բելգիայի հավաքականին:

Նախատեսված էր, որ Բրյուսելում Հայաստանի հավաքականին կմիանային նաեւ Արտավազդ եւ Արման Քարամյանները: Սակայն երկվորյակ եղբայրներից Արտավազդը չի հասցրել վերականգնվել վնասվածքից հետո եւ առաջիկա հանդիպմանը չի մասնակցի: Արտավազդ Քարամյանը ռումինական «Տիմիշոարայի» վերջին 3 հանդիպումները բաց է թողել վնասվածքի պատճառով: Կիսապաշտպանության ձախ եզրում հանդես եկող այս ֆուտբոլիստի փոխարեն վերջին հանդիպումներում հանդես է եկել Արման Քարամյանը:

Հայաստանի հավաքականին առայժմ չի միացել նաեւ Համլետ Մխիթարյանը, որը այսօր իր ակումբի` «Ռահ Ահանի» կազմում մասնակցելու է Իրանի առաջնության 10-րդ տուրի, որի շրջանակներում Մխիթարյանի թիմը հյուրընկալվելու է առաջատարներից մեկին` «Զոբ Ահանին»:

Հիշեցնենք, որ Բելգիայի հետ կայանալիք հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը ուղեւորվելու է Բոսնիայի Զենիցա քաղաք, որտեղ հոկտեմբերի 15-ին կրկին ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալվելու է Բոսնիայի հավաքականին: