Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆԻՑ

Սպորտ

Օրերս ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների կանանց հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Խմբային մրցաշարում մեր աղջիկները միեւնույն 0:3 հաշվով պարտվեցին Լեհաստանի եւ Ավստրիայի հավաքականներին, իսկ Թուրքիայի հետ հանդիպումը ավարտեցին 3:3

«Մեր թիմը հանդես եկավ իր հնարավորությունների սահմաններում», - այսպես բնութագրեց մինչեւ 19 տարեկանների ելույթը հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը: Վերջինս մրցակիցների կազմում առանձնացրեց Ավստրիայի հավաքականին, որը, ըստ մարզչի, շատ ուժեղ էր եւ արժանիորեն գրավեց առաջին հորիզոնականը. «Հիմնականում մենք հոգեբանական խնդիրներ ունեցանք, քանի որ խաղացողներից շատերը առաջին անգամ էին հանդես գալիս 19 տարեկանների պայքարում եւ նման հանդիպումների փորձ չունեին: Դրանով կարելի է բացատրել այն, որ առաջին երկու հանդիպումներում խաղասկզբում բաց թողեցինք բոլոր գոլերը, երբ մինեւնույն 0:3 հաշվով զիջեցինք Ավստրիային եւ Լեհաստանին: Այդ 6 գոլերից 4-ը պարզապես նվեր էին մրցակիցներին»:

Սամվել Ադամյանի կարծիքով` Հայաստանի հավաքականը իր լավագույն հանդիպումը անցկացրել է Թուրքիայի հետ. «Շատ լավ տրամադրված դուրս եկան խաղադաշտ մեր խաղացողները եւ առաջին րոպեներին բավական գեղեցիկ եւ կոմբինացիոն խաղ էին ցույց տալիս, որ արդյունքում արագորեն բացեցին հաշիվը: Բայց, կարծեք թե չէին հավատում իրենց հաջողությանը եւ աստիճանաբար նախաձեռնությունը զիջեցին եւ մինչեւ ընդմիջում 2 գնդակ ընդունեցին: Երկրորդ կեսում ստիպված էինք փոխել մարտավարությունը եւ հանդես գալ երեք հարձակվողներով: Թիմը գերազանք ֆուտբոլ խաղաց եւ մինչեւ վերջին րոպեն հաղթում էր 3:2 հաշվով, սակայն 90-րդ րոպեին գնդակ բաց թողեցինք»: Առաջիկայում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այս տարիքային հավաքականը, ինչպես նաեւ ազգային հավաքականը, դարձյալ մարզում է Սամվել Ադամյանը:

Մարզիչը ընդգծեց, որ 17 տարեկանների հավաքականը կադրային շատ լուրջ խնդիրներ ունի եւ լրիվ նոր հավաքական է ստեղծվում: Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա մի փոքր ավելի ուշ: Նոյեմբերի 6-ին Մակեդոնիայում ազգային հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի, որտեղ բացի տանտերերից կլինեն նաեւ Մալթայի եւ Վրաստանի հավաքականները.«Հույս ունենք, որ այս մրցաշարում կկարողանանք հաղթել, քանի որ ազգային հավաքականը արդեն ի վիճակի է ցույց տալ լավ արդյունքներ»: