Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿ ՄԻԱՎՈՐՆ ԷԼ ԳՈՀԱՑՐԵՑ ԴԱՆԻԱՑՈՒՆ

Սպորտ

Երեւանի «Բանանցի» ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում բրոնզե մեդալներ նվաճելու հնարավորությունները կրկին նվազեցին: 22-րդ տուրում փոխչեմպիոնը սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Գանձասարի» նկատմամբ, որը այս ոչ-ոքիի շնորհիվ պահպանեց 5 միավորի տարբերությունը:

Ամեն դեպքում «Բանանցի» գլխավոր մարզիչ Կիպ Սպիլդսբոելը գոհ էր այս հանդիպումից: Նա գտնում էր, որ իր սաները գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցին եւ բացահայտ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, թեեւ 2-րդ կեսում «Բանանցը» խիստ անհաջող հանդես եկավ:

«Մենք բոլոր առումներով գերազանցեցինք մրցակցին: Բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, պարզապես չկարողացանք օգտագործել դրանք: Ես մի քանի անգամ արդեն ասել եմ, որ գրոհի վերջնամասում չենք կարողանում արդյունավետ գործել, բացի այդ, վերջին փոխանցման գործոնը մեզ խանգարում է ցանկալի արդյունքի հասնել», - ասաց դանիացի մարզիչը:

Կիմ Սպիլդսբոելը գտնում է, որ «Գանձասարի» դարպասին 2-րդ կեսում մրցավարը կարող էր 11 մետրանոց նշանակել. «Կարծում եմ` 2-րդ կեսում, երբ Նորայր Գյոզալյանին գցեցին տուգանային հրապարակում, կար 11 մետրանոց: Բայց ես պարզապես իմ կարծիքն եմ հայտնում, եւ միգուցե 100 տոկոսով ճիշտ չեմ»:

Սպիլդբոելին հատկապես գոհացրել էին «Բանանցի» պաշտպանները.«Մենք բավական վստահ հանդես եկանք պաշտպանությունում, վատ չէինք խաղում կիսապաշտպանությունում, իսկ հարձակման գիծը խաղային այն օղակն է, որում դեռ աշխատելու շատ բան ունենք: Արդեն 5 հանդիպում է` չենք պարտվում առաջնությունում: Դա վատ արդյունք չէ, եւ կարեւոր է, որ խաղացողները վստահություն ցուցաբերեն իրենց ուժերի նկատմամբ»:

«Գանձասարի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը նշեց, որ ինքը չի կիսում «Բանանցի» գլխավոր մարզչի կարծիքը.«2 թիմերն էլ իրենց վատագույն խաղը խաղացին, միայն 2-րդ կեսում մեր խաղը նման էր ֆուտբոլի: Անկեղծ ասած, մեզ առաջին հերթին պետք էր չտարվել: Խաղի որակից գոհ չեմ, բայց արդյունքը բավարարում է: Վաստակելով միավոր` մենք հավասարվեցինք «Միկային» եւ թույլ չտվեցինք «Բանանցին» մոտենալ մեզ: Չեմ կարծում, թե այսօր կողմերից մեկը լավ խաղաց: Եթե «Բանանցը» առաջին կեսում գոլային պահ ունեցավ, ապա երկրորդ կեսում կարող էինք հաջողության հասնել նաեւ մենք»: