ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ԶԵԲԵԼՅԱՆԸ ԳՈԼ ԵՆ ԽՓՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը այսօրվանից սկսում է նախապատրաստվել հոկտեմբերի 11-ին եւ 15-ին կայանալիք աշխարհի 2010թ. առաջնության ընտրական հանդիպումներին, որոնցում մեր ընտրանին հյուրընկալվելու է Բելգիայի եւ Բոսնիայի հավաքականներին: Հանգստյան օրերին Հայաստանի հավաքականի թեկնածուներից շատերը իրենց վերջին հանդիպումներն են անցկացրել ակումբների կազմերում եւ ժամանել Երեւան:
Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Իլիցեւեցի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի խաղացողներ Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը խաղադաշտ դուրս չեկան: Առաքելյանը ընդհանրապես հայտավորված չէր հանդիպմանը, իսկ Մելքոնյանը պահեստայինների թվում էր, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, թեեւ նախորդ տուրում բավական լավ էր իրեն դրսեւորել «Շախտյորի» հետ մրցավեճում:
Փոխարենը Արարատ Առաքելյանը մասնակցել է «Մետալուրգի» երիտասարդական թիմի մրցավեճին, որում նրա թիմը 1:2 հաշվով պարտվել է «Իլիչեւեցին»: «Մետալուրգը» տոնելով իր 8-րդ հաղթանակը 25 միավորով շարունակում է բաժանել առաջին հորիզոնականը Կիեւի «Դինամոյի» հետ:
Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում մերձմոսկովյան «Խմիկիին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել է ԲԿՄԱ-ին: «Խիմկիի» կազմ էր վերադարձել Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը նախորդ 2 տուրերին տարբեր պատճառներով չէր մասնակցել: Փոխարինողների մրցաշարում հերթական գոլն է խփել Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հովհաննես Գոհարյանը, որը հանդես է գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվում»: Գոհարյանը աչքի է ընկել «Տոմի» հետ արտագնա խաղում, որում «Լոկոմոտիվը» առավելության է հասել 2:0 հաշվով: Փոխարինողների մրցաշարի ռմբարկուների ցուցակը 18 գոլով գլխավորում է հայ ֆուտբոլիստը:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնում երկարատեւ ընդմիջումից հետո գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը, որը հանդես է գալիս Կալինինգրադի «Բալթիկայի» կազմում: 37-րդ տուրում «Բալթիկան» հյուրընկալվել էր «Մաշչուկին»: 31-րդ րոպեին Ռոբերտ հավասարեցրել է հաշիվը, իսկ 41-րդ րոպեին չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց, իսկ «Բալթիկան» զիջել է 1:2 հաշվով:
Հայաստանի հավաքականի մեկ այլ հարձակվող Արա Հակոբյանը շարունակում է գոլեր խփել Բելառուսի առաջնությունում: 25-րդ տուրում Արան աչքի էր ընկել Ժոդինոյի «Տորպեդոյի» հետ խաղի 56-րդ րոպեին` կրկնապատկելով է հաշվի տարբերությունը, իսկ «Գոմելը» հաղթել էր 3:0 հաշվով: Հակոբյանը գոլի հեղինակ դարձավ նաեւ 26-րդ տուրում, որում «Գոմելը» 1:0 հաշվով առավելության է հասել «Սավիտի» նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը 48-րդ րոպեին խփել է Հակոբյանը, որը իր թիմի կազմում եղել է լավագույնը այս խաղում:
Արթուր Ոսկանյանի եւ Ալեքսանդր Թադեւոսյանի «Վիտեբսկը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով առավելության հասավ «Գրանիտի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո «Վիտեբսկը» 43 միավորով ընթանում է հինգերորդ հորիզոնականում, իսկ «Գոմելը» 26 միավորով 11-րդ տեղում է:
Դանիայի առաջնության 9-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» հյուրընկալվելիս 0:1 զիջել է ետնապահներից մեկին` «Սանդերյուսկին»: Արզումանյանը այս հանդիպմանը չի մասնակցել: «Ռանդերսը» 11 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում: