ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ «ՀՐԱԶԴԱՆՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր, ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացավ 22-րդ տուրի վերջին հանդիպումը: Երեւանի «Բանանցը»«Հրազդան» մարզադաշտում հյուրընկալել էր Կապանի «Գանձասարին»: Այս թիմերի միջեւ ընթացիկ առաջնությունում կայացած նախորդ 3 հանդիպումներից 2-ում գրանցվել էր խաղաղ ելքը:
Այս անգամ եւս կողմերը բավարարվեցին մեկական միավորով: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0, թեեւ 2 թիմերն էլ գոլային պահեր ունեցան:
Խաղասկզում կողմերը փորձում էին հաջողության հասնել հեռահար հարվածների շնորհիվ, որոնք սակայն շեղ էին ստացվում: Ռեալ գոլային պահ «Բանանցի» ֆուտբոլիստները ունեցան 19-րդ րոպեին, երբ Զլատեւը տուգանայինից կատարած փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Լեդենյովին, որը նպաստավոր դիրքից վրիպեց: 2-րդ կեսում առավելությունը արդեն «Գանձասարի» կողմն էր: Ամենառեալ գոլային պահը հյուրերը ստեղծեցին 57-րդ րոպեին, երբ Բենիամին Մանուչարյանի անցումից հետո փոխարինման դուրս եկած Կոբա Խանիշվիլին մեն-մենակ մնալով դարպասապահ Ստեփան Ղազարյանի դեմ չկարողացավ օգտագործել պահը:
«Գանձասարը» մեծ առավելություն էր ստացել հատկապես կենտրոնում, որի արդյունքում էլ մեկը մյուսի հետեւից գրոհներ էր ձեռնարկում: «Բանանցի» խաղացողները կուտակվելով տարբեր տեղերում, խաղադաշտի կենտրոնում բավական մեծ տարածություն էին տվել կապանցիներին, որոնք գրոհի եզրափակիչ փուլում խճճվում էին, տարվում անհատական խաղով:
22-րդ տուրի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը 47 միավորով գլխավորում է «Փյունիկը», որին հաջորդում են «Արարատը» (46), «Միկան» (38), «Գանձասարը» (38) եւ «Բանանցը» (33): «Ուլիսը», «Շիրակն» եւ «Կիլիկիան» այլեւս չեն հավականում մրցականային տեղերի: