«ՓՅՈՒՆԻԿԻ» ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Աբովյանի քաղաքային մարզադաշտում, որտեղ մրցեցին մինչ այս մրցաշարային աղյուսակը գլխավորով 2 թիմերը` «Արարատը» եւ «Փյունիկը»: 43-ական միավոր վաստակած այս ակումբները ընթացիկ առաջնությունում չեմպիոնության գլխավոր հավակնորդներն են եւ հենց նրանց մրցավեճում հաղթողը դառնում էր միանձնյա առաջատար:
Հանդիպումը անցավ հավասար եւ լարված պայքարում: Ի վերջո, հաջողության հասան «Փյունիկի» խաղացողները, որոնք հաշիվը բացեցին 70-րդ րոպեին: Արթուր Եդիգարյանի երկար փոխանումից հետո Գեւորգ Ղազարյանը տիրելով գնդակին դիպուկ հարված կատարեց: Հաղթելով 1:0 հաշվով «Փյունիկը» 46 միավորով դարձավ միանձնյա առաջատար: Հայաստանի նախորդ 7 տարիների անփոփոխ չեմպիոնը լուրջ հայտ ներկայացրեց 8-րդ անգամ անընդմեջ նվաճելու չեմպիոնի կոչումը:
Եւս մեկ կենտրոնական հանդիպում կայացավ «Հրազդան» մարզադաշտում, որտեղ մրցեցին նախորդ առաջնության փոխչեմպիոնը եւ բրոնզե մեդալակիրը` «Բանանցը» եւ «Միկան»: Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցը» բավական հաջող է հանդես գալիս «Միկայի» դեմ: Մինչ այս տուրը կողմերի միջեւ կայացած հանդիպումներում փոխչեմպիոնը 3 հաղթանակ էր տոնել եւ կրել 1 պարտություն: Սակայն 21-րդ տուրի խաղում «Բանանցին» քչերն էին ֆավորիտ համարում` հաշվի առնելով թիմերի վերջին շրջանում ցույց տված ցածր արդյունքները:
Այս խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա 2-րդ կեսը անցավ անհամեմատ գոլառատ պայքարում: Նախ 63-րդ րոպեին «Բանանցի» լեգեոներ Վիտալի Լեդենյովը անկյունայինի խաղարկումից հետո կարողացավ գլխի դիպուկ հարված կատարել: «Բանանցը» մեծ ոգեւորություն ապրեց այս հաջողությունից, որը մարեց 12 րոպե անց, երբ Դավիթ Գրիգորյանի փոխանցումից հետո Անդրեյ Բուրդիյանը փորձելով հեռացնել գնդակը, այն ուղարկեց սեփական դարպասը: Թվում էր` հանդիպումը կավարտվի խաղաղ ելքով, սակայն մրցավարի ավելացրած ժամանակահատվածի 3-րդ րոպեին Արտակ Դաշյանը մոտ 40 մետրից անսպասելի հարված կատարեց եւ անակնկալի եկած «Միկայի» դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլին չկարողացավ որսալ գնդակը: Հաղթելով 2:1 հաշվով ` «Բանանցը» եւս միացավ բրոնզե մեդալների համար պայքարող թիմերի շարքին:
Գյումրիում «Շիրակը» մեծ դժվարությամբ առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ: Հյուրերը արդեն 20-րդ րոպեին մնացին 10 հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվեց «Կիլիկիայի» դարպասապահ Մարտին Մկրտումյանը: Հանդիպման ելքը վճռեց 55-րդ րոպեին «Կիլիկիայի» դարպասին նշանակված 11 մետրանոցը, որը անվրեպ իրացրեց Անդրանիկ Բարիկյանը:
3-րդ հորիզոնական դուրս եկավ Կապանի «Գանձասարը», որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: