ՍՏԱՑԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՎ ԻՄԱՑԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի 2008թ. գավաթի խաղարկությանը այս տարի կմասնակցեն 7 թիմեր, որոնց մասնակցությամբ էլ այսօր ՀՖՖ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ վիճակահանություն: Նախքան վիճակահանությունը մասնակիցները, ըստ իրենց վարկանիշների, բաժանվել էին 2 զամբյուղների:
Վիճակահանությունը կատարեց ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: 1-ին խմբում հայտնվեցին «Թալ Գրիգ», «Էրեբունի», «Դանեսիր» եւ «Արսենալ» թիմերը: 2-րդ խմբում կմրցեն Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկը», «Եվրոպան» եւ «Ռեման»: Խմբային մրցաշարի հանդիպումները կկայանան հոկտեմբերին 4-ին, 8-ին եւ 12-ին: Առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ:
Նախքան վիճակահանությունը տեղի ունեցավ Հայաստանի մինչեւ 15 եւ 17 տարեկանների, Երեւանի եւ Հայաստանի առաջնությունների հաղթողների պարգեւատրման արարողությունը:
15 տարեկանների պայքարում չեմպիոն էր դարձել «Եվրոպա» թիմը` Արթուր Աբազյանի գլխավորությամբ, իսկ 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները գրավել էին համապատասախանաբար «Խալդ» եւ ՎԱ-ԲԱ թիմերը: Այս տարիքային խմբում լավագույն ֆուտբոլիստ եւ ռմբարկու ճանաչվել Յուրի Զարգարյանը, որը հանդես է գալիս «Եվրոպայում»:
17 տարեկանների պայքարում հաղթել էր «Պոլիտեխնիկը»` Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, 2-րդ հորիզոնականին արժանացել էր Ռուբեն Մուրադյանի գլխավորած «Արաբկիրը», իսկ լավագույն եռյակը եզրափակել էր «Ծաղկահովիտ»:
Լավագույն խաղացողի կոչմանը այս տարիքային խմբում արժանացավ Արմեն Կարապետյանը («Պոլիտեխնիկ»), իսկ լավագույն ռմբարկուն Մովսոս Անտոնյանն էր («Ծաղկահովիտ»):
Երեւանի առաջնությունում 1-ին տեղի համար պարգեւատրվեց «Ռեմա» թիմը, որը ներկայացնում է ավետարանական հավատքի «Ռեմա» եկեղեցին: Հայկական ֆուտբոլի լեգենդար հարձակվող Սարգիս Հովիվյանի գլխավորությամբ «Ամիկուս» թիմը արժանացավ մայրաքաղաքի փոխչեմպիոնի կոչմանը:
Հայաստանի առաջնությունում չեմպիոնի կոչմանը արժանացած «Պոլիտեխնիկը» ոսկե մեդալները կստանա տարեվերջում ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող ավանդական պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, իսկ ահա փոխչեմպիոն «Թալ Գրիգը» Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ ստացավ արծաթե մեդալներ: Բրոնզե մեդալների արժանացավ «Էրեբունի» թիմը:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ անցկացված հարցման շնորհիվ ՀՖՖ-ն Հայաստանի առաջնության լավագույն խաղացող էր ճանաչել Գրիգոր Կապուրկանյանին, իսկ լավագույն ռմբարկուն Կարեն Միքայելյանն էր:
ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, շնորհավորելով մրցանակիրներին, հույս հայտեց, որ առաջիկայում ֆուտզալը վերելք կապրի Հայաստանում: