Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԵՑ 2-ՐԴ ԿԱԶՄՈՎ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթը կրկին նվաճեց Երեւանի «Փյունիկը», որը այսօր «Հրազդան» մարզադաշտում 1:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ:

«Փյունիկը» եզրափակիչ հանդիպմանը ներկայացել էր 2-րդ կազմով: Մարզչական շտաբը հանգստանալու հնարավորություն էր տվել հիմնական կազմի խաղացողներ Սարգիս Հովսեփյանին, Կարեն Դոխոյանին, Արթուր Եդիգարյանին, Կառլեն Մկրտչյանին, Հենրիխ Մխիթարյանին, Էդգար Մալաքյանին, Գեւորգ Ղազարյանին եւ Կարեն Խաչատրյանին: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում չեմպիոնի համար պայքարող «Փյունիկի» համար ավելի կարեւոր էր սեպտեմբերի 28-ին 21-րդ տուրի շրջանակներում «Արարատի» դեմ կայանալիք կենտրոնական հանդիպումը, ուստի վերը նշված ֆուտբոլիստները նույնիսկ հայտավորված չէին հանդիպմանը:

Փոխարենը իրենց դրսեւորելու հնարավորություն էին ստացել մի շարք պատանի խաղացողներ: Իսկ ահա «Բանանցը» մարտական կազմով էր դուրս եկել խաղադաշտ: Հայաստանի փոխչեմպիոնը ընթացիկ առաջնությունում բավական անհաջող է հանդես գալիս եւ առաջատարներին հանգիստ տալու կարիք չուներ:

Հանդիպումը սկսվեց «Բանանցի» գրոհներով եւ արդեն 6-րդ րոպեին Արամ Բարեղամյանի փոխանցումից հետո կարող էր աչքի ընկնել Արսեն Բալաբեկյանը, սակայն նրա հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից: Առաջին կեսում փոխչեմպիոնը դարպասը գրավելու այլ հնարավորություն չունեցավ: 2-րդ կեսը հաջող սկսվեց «Փյունիկի» համար, որը 49-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Տիգրան Ոսկանյանը հեռահար գեղեցիկ հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը, իսկ «Բանանցի» դարպասապահ Եվգենի Մատյուգինը միայն հայացքով ուղեկցեց գնդակին: Խփած գոլից հետո «Փյունիկը» ավելի մեծ ուժերով սկսեց պաշտպանվել եւ կարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Այսպիսով Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթին կշարունակի տիրել «Փյունիկը», որը հաջողության էր հասել նաեւ անցած տարի կայացած եզրափակիչում: