Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է

Սպորտ

Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 7-րդ տուրում ոսկե մեդալի համար պայքարող Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Յիլմազի հետ: 16 տարեկանների պայքարում հանդես եկող հայ շախմատիստը արդեն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին է խաղում եւ 5.5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Նիժնուկը:

14 տարեկանների պայքարում շարունակում է զարմացնել Կարեն Գրիգորյանը, որը 7-րդ տուրում պարտության մատնեց իրենից բավական բարձր վարկանիշ ունեցող ֆրանսիացի Մաքսիմ Լագարդին: Գրիգորյանը 6 միավորով եւս 2 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 14 տարեկանների պայքարում առաջատարներին է մոտեցել նաեւ Խաչատուր Երանյանը, որը 5 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:

Հայաստանի 23 ներկայացուցիչներից ահա այս 3 շախմատիստները մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեն, իսկ մնացած 20-ը, որոնցից 7-ը հանդես են գալիս աղջիկների պայքարում, գործնականում զրկվել են մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: