Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 40-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Մշակույթ

40 տարի առաջ, 1968 թ. Նյու-Յորքի կենտրոնական փողոցներից մեկի վրա կառուցվեց Սբ. Վարդան մայր տաճարը, որի հողը օրհնել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը:

40-ամյա հոբելյանի առիթով հունիսի 19-24-ը ԱՄՆ-ի արեւելյան թեմի առաջնորդարանը կազմակերպել էր «Հավատին ձեւ հաղորդել. արվեստ եւ մայր տաճար» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր 20 եւ 21-րդ դարերի ամերիկյան անվանի 35 նկարիչների շուրջ 70 յուղաներկ եւ գրաֆիկական աշխատանքները:

Ներկաներին ցուցադրությանը ծանոթացրեց ցուցահանդեսի կազմակերպիչ` Վիքի-Շողակ Հովհաննիսյանը, որը առաջնորդարանի եւ ներկաների անունից խորին շնորհակալություն հայտնեց Նյու-Յորքի ամերիկյան արվեստի «Վիտնի» թանգարանի տնօրինությանը, որը չմերժեց եւ մեկ օրով ցուցահանդեսին տրամադրեց հայ անվանի նկարների Արշիլ Գորկու «Նկարիչը իր մոր հետ» մեծահամբավ կտավը:

Մեծ ուշադրության արժանացավ նաեւ ամերիկահայ անվանի գրող Վիլյամ Սարոյանի գրաֆիկական աշխատանքը: Տաճարի ներսում նկարչական աշխատանքներ են կատարել ակադեմիկոս Գրիգոր Խանջյանը եւ Վահան Խորենյանը:

Սբ. Վարդան մայր տաճարում կազմակերպված ցուցահանդեսին ցուցադրվեցին Հովսեփ Փուշմանի, Վավա Սարգիսի, Սալբի Մավիյանի, Ռուբեն Մաքյանի, Սոս Եթրեմի Մելիքի, Սիմոն Սամանյնանի եւ ուրիշների աշխատանքները: Իրենց աշխատանքներով ցուցահանդեսին էին ներկայացել նաեւ ժամանակակից նկարիչներ:

Երեկոյի վերջում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին ամերիկահայ անվանի երգչուհի` Լուսինե Ամառան/ սոպրանո/, Շահան Արծրունի/դաշնամուր/ եւ Անի Ազնավուրյանը /թավջութակ/: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր` ՄԱԿ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Ռոբերտ Կարապետյան

Նյու-Յորք