Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՉԱՋՅԱՆԸ ՈՒՐԱԽ Է ԵՎ ՀՊԱՐՏ

Սպորտ

Մոլդովա - Հայաստան ընկերական խաղում մեր ընտրանու կազմում լավագույնը խաղադաշտում Լեւոն Պաչաջյանն էր: Շվեդական ԳԱԻՍ-ում հանդես եկող այս կիսապաշտպանի փոխանցումից հետո Մարկոսը բացեց հաշիվը, իսկ 2-րդ գնդակը արդեն Լեւոնը խփեց:

«Լավ խաղ անցկացրեցինք, չնայած կարող էինք նաեւ ավելի հաջող հանդես գալ եւ հաղթել, բայց անձամբ ես գոհ եմ մեր թիմի խաղից եւ հուսով եմ, որ Հունաստանի դեմ հունիսի 1-ին կայանալիք ընկերական խաղում ավելի հաջող հանդես կգանք», - «Ա1+»-ի հետ զրույցում ասած Լեւոն Պաչաջյանը:

Հանդիպման 25-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ձեռնարկած կոմբինացիայի արդյունքում Պաչաջյանը, ստանալով գնդակը, խաբս տվեց մրցակցին եւ օգնեց խաղընկերոջը բացել խաղի հաշիվը, իսկ 2-րդ կեսի սկզբնամասում խփեց իր առաջին գնդակը հավաքականի կազմում. «Դրվագներից մեկում այնպես ստացվեց, որ հայտնվեցի ձախ հարձակվողի դիրքում: Գնդակին տիրում էր մրցակցի պաշտպանը, բայց ես պայքարեցի մինչեւ վերջ, կարողացա խլել գնդակը, հասցրեցի մի պահ նայել դարպասին եւ տեսա, որ դարպասապահը դուրս է եկել իմ դիմաց: Այդ պահին ուղղակի հասցրեցի գնդակը նրա վերեւով ուղարկել դարպասի հեռավոր անկյունը: Խփածս առաջին գոլից հետո ուղղակի շատ ուրախ էի եւ հպարտ, որ կարողացա բացել իմ գոլերի հաշիվը հավաքականում»:

Այս խաղում իր մորամուտը նշող Մարկոսը եւս իր առաջին գնդակը խփեց հավաքականում եւ, Լեւոնի կարծիքով, այն վերջինը չի լինի. «Շատ լավ նորամուտ ունեցավ հավաքականում եւ իր սովորության համաձայն գոլ խփեց: Ինձ թվում է ապագայում ավելի կբարելավի իր խաղը եւ ավելի մեծ օգուտ կտա հավաքականին»: Անդրադառնալով Մոլդովային` Լեւոնը ընդգծեց, որ ՖԻՖԱ-ի աղյուսակում այս հավաքականի զբաղեցրած 38-րդ հորիզոնականը չի արտացոլում իրականությունը. «Ընդհանրապես ես չեմ կարծում, որ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը կարող է ցույց տալ հավաքականների իրական ուժը: Ամեն դեպքում Մոլդովան վատ թիմ չէր: Իր կազմում ուներ մի շարք բարձրահասակ ֆուտբոլիստներ, որոնք դեմ պայքարելը շատ դժվար էր»:

Առջեւում Հունաստանի հետ ընկերական հանդիպումն է, որը կկայանա Գերմանիայի Օֆենբախ քաղաքում. «Մենք արդեն մրցավայրում ենք եւ լրջորեն նախապատրաստվում ենք այս խաղին: Ինչպես արդեն նշեցի, այս խաղում պետք է ավելի լավ հանդես գանք, քանի որ մրցակիցը ուժեղ հավաքական է եւ բարդ հանդիպում է ստացվում»: