ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներում հայտնի կդառանան եզրափակիչի մասնակիցները:
«Արարատ» - «Փյունիկ»
Այս հանդիպումը պետք է կայանար Աբովյանի քաղաքային մարզադաշտում, սակայն հանդիպումից 2 օր առաջ որոշվել է այն տեղափոխել Ոսկեհատ գյուղում գտնվող «Վարդանանք-451» մարզադաշտ: Թեեւ «Արարատը» հյուրընկալողի դերում է, սակայն Ոսկեհատում հանդես գալը թիմին ոչ մի առավելություն չի տալիս եւ կարելի է ասել, որ հանդիպումը կայանալու է չեզոք դաշտում: Առաջին խաղում Վարուժան Սուքիասյանի սաները առավելության էին հասել 2:1 հաշվով, ուստի եզրափակիչ փուլ դուրս գալու նրանց հնարավորությունները արդեն ավելի մեծ են: Բացի այդ «Արարատի» համար Հայաստանի գավաթին տիրելը միակ հնարավարությունն է եվրագավաթների ուղեգիր նվաճելու համար, իսկ «Փյունիկը» իր տեղը վաղուց ապահովել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում` հաղթելով Հայաստանի առաջնությունում: 2 թիմերն էլ գավաթի խաղարկություններում բավական հաջող են հանդես եկել եւ հարուստ պատմություն ունեն այս մրցաշարում: Բավական է նշել, որ «Արարատը» եւ «Փյունիկը» 6-ական անգամ մասնակցել են եզրափակիչ հանդիպումներին:
«Միկա» - «Բանանց»
Այս թիմերի առաջին մրցավեճում «Բանանցը» հաղթեց 3:1 հաշվով եւ հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Այժմ «Միկային» անհրաժեշտ կլինի առնվազն 2 անգամ գրավել մրցակցի դարպասը` պայքարը շարունակելու համար: Դա բավական բարդ խնդիր կլինի Արկադի Անդրեասյանի սաների համար, քանի որ ներկայիս «Բանանցի» ամենաուժեղ օղակը հենց պաշտպանությունն է, որի կենտրոնում հանդես են գալիս լեգեոներներ Անդրեյ Չերեւկոն եւ Անդրեյ Բուրդիյանը, իսկ եզրերում փորձառու Եղիշե Մելիքյանը եւ Հովհաննես Գրիգորյանը: Ամեն դեպքում առաջնության 2-րդ տուրում «Փյունիկի» հետ կայացած մրցավեճը ցույց տվեց, որ «Բանանցը» դեռ լուրջ խնդիրներ ունի եւ առայժմ չի կարողանում օգտագործել իր ողջ պոտենցիալը: Դա հիմնականում պայմանավորված է կադրային խնդիրներով, քանի որ թիմի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ ներկայումս վնասվածք ունեն:
Ավելացնենք նաեւ, որ 2 հանդիպումներն էլ կսկսվեն Երեւանի ժամանակով 16:00-ին: