ՄԱՐԶԻՉԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԺԱՄԱՆԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Թոմ Ջոնսը այդպես էլ չի ժամանել Երեւան` ազգային թիմին Պորտուգալիայի հետ առաջիկա հանդիպմանը նախապատրաստելու համար: Ջոնսը այլեւս չի աշխատի Հայաստանի հավաքականում:
Շոտլանդացի Յան Պորտերֆիլդի մահից հետո հավաքականը մարզում էին Թոմ Ջոնսը, Վարդան Մինասյանը եւ Արմեն Գյուլբուդաղյանցը, սակայն անգլիացին հոկտեմբերին Սերբիայի եւ Բելգիայի հանդիպումիցներից առաջ հանդիպումների պատասխանատվությունը վերցրեց իր վրա` նշելով թե որպես գլխավոր մարզիչ հանդես կգա ինքը: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է հանդիսացել Ջոնսի հեռանալու պատճառը, սակայն ակնհայտ էր, որ նա որպես գլխավոր մարզիչ չէր աշխատելու ընթացիկ ընտրական փուլի ավարտից հետո:
Այդ մասին նշեց նաեւ օրերս մամուլի ասուլիս տված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը. «Ջոնսը ֆիզիկական պատրաստվածության գծող մարզիչ է եւ ուղղակի չի կարող աշխատել որպես գլխավոր մարզիչ»: Ամեն դեպքում Ջոնսը հեռանում է շատ կարեւոր պահի եւ ծանր կացության մեջ թողնում Հայաստանին: Ընդամենը 2 օր անց Հայաստանի հավաքականը անցկացնելու է ընտրական փուլում իր ամենածանր հանդիպումը` հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին:
Առաջիկա հանդիպումներում հավաքականը կմարզեն Վարդան Մինասյանը եւ Արմեն Գյուլբուդաղյանցը, որոնք միասին աշխատում են նաեւ չեմպիոն «Փյունիկում»: Երիտասարդ մարզիչների այս զույգը միասին հավաքականը գլխավորել է նաեւ 2007թ. մարտի 28-ին կայացած Լեհաստան Հայաստան խաղում, որում մեր ֆուտբոլիստները պարտվեցին 0:1 հաշվով: