ԶՈւԳԱԴԻՊՈւԹՅՈւՆ, ԹԵ՞ ՆԱԽԱՊԵՍ ՄՇԱԿՎԱԾ ՍՑԵՆԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսպիսով ավարտվեց 2007թ. ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը, որը իր տարբերություն նախորդ տարիների անցավ անհամեմատ հետաքրքիր պայքարում, թեեւ չեմպիոնի կոչումը 7-րդ տարին անընդմեջ նվաճեց «Փյունիկը»:
Առաջնության մեկնարկից պարզ դարձավ, որ մրցանակային տեղերի համար պայքարելու են «Փյունիկը», «Բանանցը», «Արարատը» եւ «Միկան»: 1-ին 2 շրջաններում հատկապես հիացրեց «Արարատը», որը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ բավական գրավիչ խաղ էր ցուցադրում եւ մի պահ սկսեց գլխավորել մրցաշարային այղուսակը: Սակայն Սուքիասյանի հեռանալուց հետո «Արարատը» զիջեց դիրքերը` կրելով մի շարք խոշոր հաշվով պարտություններ:
Առաջնության ավարտից հետո արդեն ակնհայտ է, որ եթե Սուքիասյանը շարունակեր իր աշխատանքը թիմում, ապա միայն հրաշքը կարող էր խանգարել «Արարատին» չդառնալ չեմպիոն: Մեծ տպավորություն թողեց նաեւ «Բանանցի» խաղը 3-4-րդ շրջաններում, երբ թիմը գլխավորում էր բուլղարացի Նիկոլայ Կոստովը: Բուլղարացի մասնագետի գլխավորությամբ «Բանանցը» 7 խաղում անընդմեջ «չոր» հաշիվներով հաղթանակներ տոնեց, սակայն անսպասելիորեն պարտվեց «Ուլիսին» եւ «Գանձասարին»: Առանձնապես աչքի չընկավ «Միկան», որը վերջին տուրում շրջանցելով «Արարատին»` արժանացավ բրոնզի:
Պետք է ընդգծել, որ ինչպես եւ 2006թ. առաջնությունում, այնպես էլ 2007թ. 1-ին 5 հորիզոնականներում թիմերը զբաղեցրեցին նույն հորիզոնականները. 1. «Փյունիկ», 2. «Բանանց», 3.«Միկա», 4. «Արարատ», 5. «Գանձասար»: Միգուցե սա զուգադիպություն է, սակայն տաօրինակ ինչ-որ բան կա այս ամենում, հաշվի առնելով վերջին տուրում ծավալված սկանդալային իրադարձությունները:
Լավագույն քառյակի թիմերից ժամանակ առ ժամանակ միավորներ էին խլում «Գանձասարը», «Շիրակը» եւ «Ուլիսը»: Վերջինս 3-4-րդ շրջաններում բավական հաջող հանդես եկավ: Եթե «Ուլիսը» նույնպես հանդես գար նաեւ 1-2-րդ շրջաններում, ապա կարող էր պայքարել նաեւ մեդալների համար: Իսկ «Գանձասարը» մի պահ հավականում էր 4-րդ հորիզոնականին, սակայն Սամվել Պետրոսյանի թիմը կարողացավ պահպանել իր տեղը լավագույն քառյակում:
2007թ. առաջնությունը նշանավորվեց մարզչական աննախադեպ շատ փոփոխություններով: Բացառությամբ Գյումրիի «Շիրակի» բոլոր մյուս թիմերում մարզիչներ փոխվեցին: Փոփոխությունները հիմնականում արդարացրեցին իրենց: Մասնավորապես «Բանանցում» Յան Պոշտուլկային փոխարինած Նիկոլայ Կոստովը կարճ ժամանակահատվածում դրական փոփոխություններ կատարեց թիմի հետ եւ արժանացավ արծաթե մեդալների:
Հայ ֆուտբոլասերներին խորը հիասթափություն պատճառեց Երեւանի «Կիլիկիան»: Աշոտ Աղաբաբյանին պատկանող այս թիմը 28 հանդիպումներում ընդամենը 5 միավոր վաստակեց` սեփական դարպասը ընդունելով 70 գնդակ: «Կիլիկիայի» մասնակցությամբ հանդիպումների ելքը ոչ-ոքի մոտ կասկած չէր հարցումում եւ պատահական չէ, որ այս թիմի մասնակությամբ հանդիպումներին տրիբունաներում կարելի էր տեսնել միայն հանդիպումը լուսաբանող 3-4 լրագրողների:
Հայաստանի 2007թ. առաջնությունում կայացած 112 հանդիպումներում արձանագրվեց 293 դարպասի գրավում(միջինը մեկ խաղում` 2.62 գոլ), որոնցից 151-ի հեղինակը դաշտի տերերը, իսկ մնացած 142-ը` հյուրերը: Ամենատարածված արդյունքը 2:0 հաշիվն էր: Նման հաշիվ գրանցվեց 21 հանդիպումներում: 19 խաղ ավարտվել է 1:0 հաշվով: Դարպասի գրավում չի արձանագրվել 12 խաղում: