Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆԸ ԱՎԱՐՏՎԵՑ ՍԿԱՆԴԱԼՈՎ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2007թ. առաջնությունում այսօր կայացան վերջին տուրի հանդիպումները, որտեղ հայտնի դարձան նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալակիրները: Չեմպիոնի կոչումը նախքան այս նվաճել էր «Փյունիկը», իսկ փոխչեմպիոնի կոչմանը արժանացավ «Բանանցը», որը այսօր 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Կիլիկիայի» դարպասը:

Բրոնզե մեդալների համար թեժ պայքար էր ծավալվել «Արարատի» եւ «Միկայի» միջեւ: «Արարատը» մինչ այս ընթանում էր 3-րդ տեղում եւ այսօր «Նաիրի» մարզադաշտում հանդիպեց «Ուլիսի» հետ: Արարատցիները այս խաղում հաղթելու դեպքում նվաճում էին բրոնզե մեդալներ` անկախ նրանից, թե ինչպես հանդես կգար «Միկան» «Գանձասարի» դեմ: 34-րդ րոպեին «Արարատին» Գեւորգ Նռնայանի խփած գոլի շնորհիվ հաջողվեց բացել հաշիվը, սակայն 2-րդ կեսի սկզբում «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Գագիկ Սիմոնյանը տուգանայինից կատարած դիպուկ հարվածով խփեց պատասխան գնդակը: 65-րդ րոպեին Արթուր Պետրոսյանի հիանալի փոխանցումից հետո Մարկոսը կրկին առաջ մղեց «Արարատին»: Հաշվի մեջ առաջ անցնելուց հետո «Արարատը» սկսեց պաշտպանվել, սակայն 87-րդ րոպեին մրցավար Վահան Մինասյանը 11 մետրանոց նշանակեց` Գագիկ Սիմոնյանին տուգանային հրապարակում գցելու համար:

Մրցավարի որոշումը մեծ դժգոհություն առաջացրեց «Արարատի» ֆուտբոլիստների, մարզչական շտաբի եւ ֆուտբոլասերների մոտ: 11 մետրանոցը անվրեպ իրացրեց «Ուլիսի» դարպասապահ Մայիս Ազիզյանը, սակայն կրքերը չհանդարտվեցին: Մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց «Արարատի» գլխավոր մարզիչ Դուշան Միհիչին, ինչպես նաեւ պահետսայինների նստրանին նստած բրազիլացի Ռենատոյին: Հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով եւ «Արարատը» զրկվեց բրոնզե մեդալներից, քանի որ «Միկան» կարողացել էր առավելության հասնել «Գանձասարի» նկատմամբ 1:0 հաշվով:

Հանդիպումից հետո մրցավարական բրիգադը ոստիկանների ուղեկցությամբ լքեց մարզադաշտը, քանի որ մի քանի տասնյակ ֆուտբոլասերներ պատրաստ են հաշվեհարդար տեսնել նրա հետ 11 մետրանոցի համար: «Արարատի» գլխավոր մարզիչն էլ հայտնեց, որ այս միջադեպի տեսագրությունը ուղարկվելու է ՈւԵՖԱ-ին եւ բողոքարկվելու է: