ՊԱՅՔԱՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունը կավարտվի վաղը կայանալիք 28-րդ տուրի հանդիպումներով: Ինչպես հայտնի է` չեմպիոնի կոչումը արդեն նվաճել է «Փյունիկը», իսկ ահա արծաթե եւ բրոնզե մեդալների համար պայքարը դեռ շարունակվում է:
Կենտրոնական հանդիպումը կկայանա Ոսկեհատում, որտեղ «Միկան» կընդունի վերջին տուրերում առաջատարների տրամադրությունը փչացրած Կապանի «Գանձասարին»: Հյուրերը անկախ այս հանդիպման ելքից գրավելու են 5-րդ հորիզոնականը, իսկ ահա «Միկան» պայքարում է բրոնզե մեդալների համար: Նախորդ տարի «Միկան» գրավեց 3-րդ հորիզոնականը եւ եթե այս տարի այդ արդյունքը չպահպանվի, ապա մրցաշրջանը Հայաստանում կարելի է ձախողված համարել Արկադի Անդրեասյանի թիմի համար, քանի որ գավաթի խաղարկությունում «Միկան» եւս ոչնչի չհասավ:
Ամեն դեպքում ստեղծված իրավիճակում ամեն ինչ չէ «Միկայի» ձեռքերում, քանի որ 3-րդ տեղում ընթացող «Արարատը» մրցելու է «Ուլիսի» հետ եւ հաղթանակի դեպքում անհասանելի կդառնա մրցակցի համար: Թեեւ «Ուլիսը» ընթանում է նախավերջին 7-րդ հորիզոնականում, սակայն թիմը վերջին տուրերում բավական հաջող է հանդես գալիս: Վերջին 11 հանդիպումներում Սուրեն Բարսեղյանի սաները 7 հաղթանակ են տարել 3 հանդիպում ավարտել ոչ-ոքի: Սա բավական տպավորիչ արդյունք է:
«Բանանց»-ն այս տուրում կմրցի ետնապահ «Կիլիկիայի» հետ: Հաղթանակի դեպքում «Բանանցի» ֆուտբոլիստները 2-րդ տարին անընդմեջ կնվաճեն արծաթե մեդալներ: Թեեւ ի տարբերություն նախորդ մրցաշրջանի` «Բանանցը» այս տարի անհամետատ գրավիչ եւ դիտարժան խաղ ցուցադրեց:
Չեմպիոն «Փյունիկը» Գյումրիում կհյուրընկալվի «Շիրակին»: Ընթացիկ առաջնությունում այս թիմերի միջեւ կայացած 3 խաղերում կողմերը 1-ական հաղթանակ են տոնել, իսկ եւս 1 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Այս խաղում ամենայն հավանականությամբ «Փյունիկը» հանդես կգա ոչ մարտական կազմով եւ Արմեն Գյուլբուդաղյանցը հնարավորություն կունենա փորձարել մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների: Իսկ ազգային հավաքականի թեկնածուները հնարավորություն կունենան հանգստանալու եւ առաջիկա ընտրական հանդիպումներին ավելի լավ նախապատրաստվելու: