Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կ.Դեմիրճյան. «ԵԹԵ ԻՆՁ ՄԻ ԲԱՆ ՊԱՏԱՀԻ, ԻՄԱՑԵՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԷՐ»

Քաղաքականություն

«Մեղրիի խնդրով Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվել էր Մեղրիի հարցը. այդ օրը Կարենը մեզ ասաց. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է» ,- «Ա1+»-ին պատմեց Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը.«Ես շատ ուշ հասկացա, որ այդ խոսքերը իրենց մեջ պարունակում էին հնարավոր վտանգի իմաստ»:

27-ին նախորդող օրերին Ռիմա Դեմիրճյանը ինչ-որ տագնապ էր ապրում. «Չէի կարողանում ինքս ինձ բացատրել, թե բանն ինչում է, բայց շատ անհանգիստ էի, մեջս վախ կար, Կարենն էլ անհանգիստ էր, բայց ես դա վերագրում էի աշխատանքային լարվածությանը: Տագնապը սաստկացավ, երբ հոկտեմբերի 27-ին նախորդող շաբաթ օրը, անվտանգության խորհրդի նիստից հետո, Կարենը լրիվ փոխվեց. նա շատ լռակյաց դարձավ, իր սովորության հակառակ` ոչ միայն չէր կատակում, այլեւ շատ էր լռակյաց, եւ այդպես մինչեւ չորեքշաբթի: Հոկտեմբերի 26-ի երեկոյան նա նույնիսկ հաց չկերավ, լուռ նստած էր, ես առաջին անգամ ասացի` Կարեն, այդքան մի լռիր, խոսիր, սրտիդ վրա կազդի, արտահայտվիր, որ թեթեւանաս: Ասաց` ի՞նչ խոսեմ. վեր կացավ ու դուրս եկավ պատշգամբ»:

Չարաբաստիկ օրը` 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Ռիմա Դեմիրճյանը սովորականի նման պատրաստվում էր ճանապարհել ամուսնուն խիստ պատասխանատու իր գործին: «Առավոտյան, ինչպես միշտ, սովորության համաձայն, թարմ հյութ տվեցի անկողնում. դա վերջին անգամ էր, որ ես նրան ողջ էի տեսնում»,- հուզված պատմում է նա,-

Դասախոսությունից ուշանում էի, եւ նախաճաշը պատրաստեցի ու սկսեցի զբաղվել ինձանով: Սովորաբար, մինչեւ շքամուտք ուղեկցում էի նրան. նույնիսկ վերջերս, երբ նա դուրս էր գալիս, ետեւից կանչում էի` Կարեն. ես ուզում էի` նա մեկ էլ շրջվի, որ նրա դեմքը այդպես հիշեմ: 27-ի առավոտյան շտապում էի եւ չուղեկցեցի Կարենին, հետո հարսիս` Տոմային, ասել եմ. «Ախ չեմ իմանում, այնպիսի լարված մթնոլորտ է, ես ամեն անգամ մտածում եմ` երեկոյան կտեսնե՞մ, թե՞ չեմ տեսնի»:

Ամեն ինչ սովորականի նման էր մինչեւ ժամը 17-ը: «Ընկերուհիս մեր տանն էր, երբ մեր զրույցի ժամանակ, Տոման վազեց ներս ու ասաց` ԱԺ-ում կրակում են: Ինձ վրա տպավորություն չթողեց, մտածեցի` պատգամավորները երեւի զինված «ռազբորկա» են անում, նույնիսկ մտքովս անցավ, որ Կարենն այնտեղ է` շուտ կհանգստացնի բոլորին: Բայց հաջորդ պահին արթնացավ մեջս տագնապը: Զանգահարեցի Կարենի քարտուղարուհուն, նա խառնաշփոթ ինչ-որ բաներ սկսեց պատմել, ես նորից չհասկացա, թե ինչ է կատարվում: Ընկերուհիս ասաց. «Դու մի մտածիր, Կարենի վրա ոչ ոք ձեռք չի բարձրացնի»,-շարունակում է տիկին Ռիման:

Ի դեպ, նա էլ էր այդպես մտածում, երբ հրաժարվեց իր թիկնազորի ծառայություններից. մի առիթով Կարեն Դեմիրճյանն ասել էր, Հայաստանում չկա մարդ, որ ինձ սպանի:

«Բայց ես գիտեի, որ եթե հասել են ԱԺ, ուրեմն հենց նրա հետեւից են գնացել: Ու վազեցի ԱԺ: Ես հիմա եմ հասկանում, թե ինչու էին ինձ սառած հայացքներով նայում, հետո հասկացա, որ բոլորն այդ պահին արդեն գիտեին, թե ինչ է կատարվել, բայց այդ ժամանակ ես չհասկացա, գցում էի ինձ դռնից դուռ, որ ներս մտնեմ, չէին թողնում: Վարորդն էլ ինձ ոչինչ չասաց, միայն համոզեցին ինձ, որ եթե ոտնաձայներ լսեն` կկրակեն, դա ինձ համոզեց, եւ ես վերադարձա տուն եւ գամվեցի հեռեւստաէկրանին: Որսում էի ամեն մի բառ, մեջս հույս կար, որ Կարենին ոչինչ չի պատահի, երեւի այդ հույսը ինձ կենդանի պահեց»,- Ռիմա Դեմիրճյանը հույսը վերջնականապես կորցրեց միայն ժամը 22-ին, «երբ Մոսկվան հայտարարեց: Մնացածը հայտնի է... այդ ժամանակ ես վերջնականապես հույսս կորցրի»:

Ռիմա Դեմիրճյանը նկատում է, որ ոճրագործության բացահայտում տեղի չունեցավ, հակառակը՝ «ամեն ինչ արեցին, որ չբացահայտվի: Ամեն կերպ փորձում էին ապացուցել, որ Դեմիրճյանին չէին ուզում սպանել, ամենահետաքրքիրն այն է, որ այդ մարդասպանն էլ ասաց, որ Դեմիրճյանը պատահական զոհ է դարձել: Թերթերից մեկն էլ ցինիկաբար գրեց՝ թող չխոսեր, չէր սպանվի. մեկը չհարցրեց, ստուգողական կրակո՞ցն էլ խոսելու համար արեցին»:

P.S.

Ոճրագործությունից տարիներ առաջ Կարեն Դեմիրճյանը իր գրառումներից մեկում գրել էր կարծես հենց այս դեպքի համար. «Ինչ վերաբերում է քաղաքական կամ այդպիսի հետեւանք ունեցող սպանություններին, ապա հարկ է ասել, որ դրանք խիստ դատապարտելի եւ միաժամանակ շատ վտանգավոր են հատկապես այն ժամանակ, երբ չեն բացահայտվում: Առնվազն միամտություն է այս հանգամանքը բացատրել անուժությամբ եւ կամ այլ ենթադրական պատճառաբանություններով: Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել յուրաքնաչյուր սպանության, առավել եւս քաղաքական սպանության, բացահայտման համար: Իսկ մեղավորները պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

Դիանա Մարկոսյան