««Սպայկա»-ի սեփականատերը 100 տոկոսով ես եմ» (տեսանյութ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հայտարարությունը, որ «Սպայկա» ՍՊ ընկերությունը 2 միլիարդ 45 միլիոն դրամ բյուջե մուտք չի արել, ուղղակի թյուրիմացության պատճառով է տեղի ունեցել։ Ասում է «Սպայկա» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Ղազարյանը «Մենք շահութահարկի մասով ճշգրտումներ ենք տվել, և ՊԵԿ-ի հետ էդ թյուրիմացությունն ուղղել ենք»,- ընդգծեց տնօրենը՝ հավելելով, որ ընկերության հաշվետվությունները բաց են, և ցանկացողը կարող է նայել։ Տնօրենը զարմանալի չի համարում այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը «Սպայկայում» ստուգում է կատարել իշխանափոխությունից հետո (4 տարի շարունակ ՊԵԿ-ը ստուգում չէր անցկացրել), ինչպես նաև, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ընկերության նոր գործարանի բացմանը։ Իսկ ժամանակին այն խոսակցությունները, ըստ որոնց՝ գործարանը պատկանում է Քոչարյանների ընտանիքին, իսկ այնուհետև ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, Դավիթ Ղազարյանը հերքեց՝ ասելով. «Ընկերության սեփականատերը 100 տոկոսով ես եմ։ Ես եմ ստեղծել 2001 թվականին «Սպայկա» ընկերությունը և գիշերները չեմ քնել։ Ու շատ մտածմունքներ, շատ պրոբլեմներ լուծել եմ ես»։ Ժխտեց նաև, որ ինչ-որ մեկը փորձել է իր հետ «փայ մտնել»։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ մինչև նոր իշխանությունները նախկինում խոշոր գործարարները ճամպրուկով փող են տարել Բաղրամյան 26, Դավիթ Ղազարյանի փոխանցմամբ, իրեն չեն վերաբերում։