Ավելի քան 1300 քաղաքացի կդառնա գործազուրկ.գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցների նամակը
Ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների ՀՀ կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա իրականացրած գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները հրապարակել են կառավարությանը փոխանցած նամակը: Նրանք իրենց հաղորդագրության մեջ նաև նշել են, որ չեն դադարեցնելու իրենց պայքարը։ «Այսօր մենք մեր մտահոգություններն ու առաջարկները ներկայացնող նամակ հանձնեցինք կառավարություն։ Վաղը նույնաբովանդակ նամակ կհանձնենք նաև Ազգային ժողով։ Դրան զուգահեռ չենք դադարեցների մեր բողոքի ձայնը բարձրացնել նաև ակցիաների միջոցով: Կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք, որ արդյունքում երկրում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Կառավարությանը ներկայացրած նամակը ներկայացնում ենք ստորև. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 140 գրավատուն: Նշված գրավատների կեսից ավելին իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ ՀՀ մարզերում: Հայաստանի Հանրապետությունում գործող գրավատներում միջինացված աշխատում են 4-5 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 150 000 ՀՀ դրամ է: Քաղաքացիները դիմում են գրավատուն, որպեսզի հնարավորինս արագ ստանան կարճաժամկետ վարկեր իրենց մոտ ծագած հրատապ խնդիրները լուծելու համար, որը կլինի թե՛ առողջական, թե՛ կոմունալ կամ սոցիալական այլ խնդիրներով պայմանավորված: Փոխառու միջոցների հասանելիությունը հնարավորություն է տալիս հասարակության անդամներին բավարարել իրենց դրամի նկատմամաբ պահանջարկը: Երբեմն այդ պահանջարկը կարող է առաջանալ ծայրահեղ իրավիճակների հետևանքով, ինչը կարող է ստիպել նման իրավիճակում հայտնված անձին գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև հանցագործության: Բանկերը իհարկե իրականցնում են համապատասխան գործառույթ, սակայն այնքան հասանելի չեն դարձնում վարկային միջոցները հասարակության անդամներին, որքան գրավատները: Բացի այդ բանկերը առանց մրցակցության կարող են հանգեցնել իրենց ծառայությունների թանկացման և դրանցից օգտվողների վիճակի վատթարացմանը: Որքան բարդ է վարկ ստանալը, այնքան թանկ է վարկը վարկառուի համար։ Եթե շուկայում վարկեր առաջարկողները նվազեն, մցակցությունը փոքրանա, ապա վարկային հարաբերություններում վարկատուն է դառնում ԹԵԼԱԴՐՈՂ վարկառի համար: Գրավատների առավելությունները բանկերի և վարկային կազմակերպությունների համեմատ
- Վարկավորում են բացառապես ՀՀ դրամով, այսինքն՝ իրենց վրա են վերցնում ֆինանսական ռիսկերը. Դրամի արժեզրկում, Փոխարժեքի տատանում և այլն
- Վարկավորում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց
- Վարկավորում են առանց եկամուտ հավաստող փաստաթղթերի պահանջի
- Վարկավորում են առանց հաճախորդի վարկունակության ուսումնասիրության
- Վարկավորում են ցանկացած շարժական գույքի գրավի դիմաց
- Վարկավորում են արագ և շուրջօրյա ռեժիմով
- Ժամկետանց վարկերի դեպքում վնաս չեն հասցնում վարկառուի վարկային պատմությանը
- Գրավի առարկայի իրացման դեպքում լրացուցիչ պահանջ չեն ներկայացնում վարկառուին ինչպես բանկերը և վարկային կազմակերպությունները՝ էլ ավելի վատթարացնելով վարկառուի վիճակը:
- ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐ
- Ավելի քան 1300 ՀՀ քաղաքացի կդառնան գործազուրկ և ավելի քան 900 միլիոն ՀՀ դրամ տարեկան հարկ չի վճարվի պետական բյուջե:
- Կկրճատվեն գրավատներին և փոխանակման կետերին ծառայություն մատուցող պետական (ՀՀ ոստիկանություն, Սոս Սիսթեմս, Ֆինանսական համակարգի հաշտարար) և ոչ պետական կազմակերպությունների (առևտրային բանկեր, ապահովագրական ընկերություններ, կապի օպերատորներ և այլն) ֆինանսական մուտքերը։
- Պետությունը կխթանի այդ ոլորտում մոնոպոլ դիրքի ստեղծմանը՝ իր բացասական հետևանքներով:
- Կհակասի ներկայիս ժողովրդի վստահությունը վայելող կառավարության կողմից որդեգրած փոքր և միջին բիզնեսի աջակցության և խրախուսման քաղաքականությանը:
- Այդ բնագավառում կձևավորվի ստվերային շուկա, որը դուրս կմնա ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունից՝ ի վնաս ՀՀ քաղաքացիների:
- Ստվերային շուկայի մասնակիցները օգտվելով ստեղծված իրավիճակից կզբաղեցնեն օրինական հարկ վճարողների տեղը՝ նմանատիպ ծառայություններ մատուցելով քաղաքացիներին, չվճարելով որևէ հարկ և պետական տուրք:
- Պետությունը կցուցաբերի ոչ հավասար և անարդար մոտեցում ֆնանսական կազմակերպությունների նկատմամբ (առևտրային բանկերի պետ տուրքը 3 մլն. ՀՀ դրամից դարձնելով 7 մլն. ՀՀ դրամ՝ ավելացնելով 2,3 անգամ, վարկային կազմակերպությունների պետ տուրքը 500 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն. ՀՀ դրամ՝ ավելացնելով 6 անգամ, գրավատներինը 100 հազ. ՀՀ դրամից դարձնելով 6 մլն. ՀՀ դրամ ավելացնելով՝ 60 անգամ, արտարժույթի փոխանակման կետերինը 50 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն. ՀՀ դրամ՝ ավելացնելով 60 անգամ):
- Պետությունը կնպաստի Հայաստանում ներկայումս գրեթե վերացված արտարժույթով իրականացվող գործարքների կատարմանը:
- Պետությունը կնպաստի հանրության մոտ բողոքի և վրդովմունքի ալիքի բարձրացմանը`վարկային պրոդուկտի թանկացման, բնակչության վարկունակության նվազման և մնացած ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից (մնալով գերիշխող դիրքում) բնակչությանը թալանման հետևանքով: