Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի ունեցավ «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը (տեսանյութ)

Մշակույթ
Region-Capture-14

«Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» փոքր դահլիճում տեղի ունեցավ «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպված էր հատուկ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: «Համերի ճանապարհ» փաստագրական-ճանաչողական ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ ռեժիսոր, ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության և գիլդիայի անդամ Արտակ Իգիթյանի կողմից (ֆիլմոգրաֆիա՝ «Ձախլիկը»,«Կրակ, ջուր և ադամանդներ», «Վանա ծովուն արշալույսը», «Ժերար Դեպարդյո գինեգործը», «Ես հայ եմ», «20», որը պատմում է աշխարհի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Շավարշ Կարապետյանի մասին, «Անատոլիական պատմություն», վերջին երկու ֆիլմերը նկարահանման փուլում են):    «…երբ քեզ թվա, թե ամեն ինչ գիտես, դու՛րս արի մի նոր ճանապարհորդության…». այս խոսքերով է սկսվում ֆիլմը:  Ֆիլմի հերոսներն ամենատարբեր համերի հետքերով ճանապարհորդում են Հայաստանի մարզերի գյուղերով և քաղաքներով, Արցախի բնակավայրերով՝ բացահայտելով տարածաշրջաններից յուրաքանչյուրին բնորոշ հայկական ավանդական խոհանոցի ճանաչված ճաշատեսակների պատրաստման ու ներկայացման առանձնահատկությունները: Ֆիլմն, ըստ էության, Հայաստանի համերի քարտեզագրումն է: Յուրաքանչյուր կադրում դիտողը կարող է տեսնել դարերից փոխանցված հայերին հատուկ հյուրասիրության ավանդույթներն ու մշակույթը: Ֆիլմում ներկայացված են ազգային խոհանոցի՝ հազարամյակներից մեզ հասած ճանաչված ուտեստները՝ ղափամա, հարիսա, խորվու, լոբաճաշ, ավելուկով ապուր, ժինգյալով հաց, փախլավա, գաթա: Խոսելով ֆիլմի ստեղծման շարժառիթների մասին՝ ռեժիսոր Արտակ Իգիթյանն ասաց. «Միշտ ցանկացել եմ Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել և ներկայացնել իրական Հայաստանն՝ իր բնության գույների ողջ շքեղությամբ, արևի լույսով և անմոռանալի համով-հոտով»: ֆիլմի ստեղծման հիմքում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ ազգային խոհանոցի ավանդական ուտեստների վերհանման, դրանց տարածման  և այսօրվա ճաշակին ու միտումներին համապատասխան մշակելու, արդիականացնելու քաղաքականությունն ու մոտեցումներն են: «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր գործունեության առաջին իսկ  օրից նպատակ ունի ճանաչելի և մրցունակ դարձնել հայկական խոհանոցն աշխարհի տարբեր խոհանոցների կողքին՝ նպաստելով Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացմանը: «Որպես ֆիլմի առանցքային հերոսներ՝ ես միանգամից տեսա «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին և բրենդ-շեֆ Զորո Իսպիրյանին: Տեղյակ էի, որ իրենց ռեստորանների ճաշացանկերը ձևավորվել են հենց ՀՀ տարբեր տարածաշրջաններ այցերի, ուսումնասիրությունների արդյունքում. դա նրանց առաքելությունն է՝ պահպանել ու նորովի մատուցել հայկական ավանդական խոհանոցի ուտեստները: Այն, ինչ նկարելու էինք, ըստ էության, իրենց տարիների աշխատանքն էր», - ասաց  Արտակ Իգիթյանը: ֆիլմում նկարահանման իր փորձի և տպավորությունների մասին պատմեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը. «Դա ինձ համար նոր փորձ էր: Նկարահանումների ընթացքում հասկացա, թե որքան դժվարին աշխատանք է: Պատկերացրեք, որ ինձ համար ավելի հեշտ է մեր մեծ աշխատակազմը ղեկավարել, քան մասնակցել նկարահանումներին: Ֆիլմը լրացուցիչ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանն իր գեղեցկությամբ և ևս մեկ անգամ անդրադառնալու մեր ազգային խոհանոցին: Իսկ ամենակարևորն այն է, որ ֆիլմում իրական մարդիկ են՝ իրենց յուրահատուկ կենցաղով, ինքնատիպ մտածելակերպով, բացառիկ տաղանդով և ջերմ հյուրընկալությամբ, ովքեր իրենց խոհանոցներում պատրաստում և հյուրասիրում են այն ուտեստները, որոնցով տվյալ տարածաշրջանը հայտնի է: Շնորհակալ եմ Արտակ Իգիթյանին և նկարահանող խմբին այս արկածային ճանապարհորդության և անմոռանալի տպավորությունների համար»: «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմի նկարահանումներն իրականացվել են 5 օրում  ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Գավառ քաղաքում, Սյունիքի՝ Գորիս, Տավուշի՝ Դիլիջան քաղաքներում, Արմավիրի՝ Մուսալեռ, Վայոց Ձորի՝ Սերս, Արագածոտնի՝ Ավան գյուղերում, Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտում, Խաչմաչ գյուղում և ՀՀ մայրաքաղաք Երևանում: