Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլեկտրոմոբիլը միանգամից գերում եւ գրավում է, մաքսազերծումն էլ հեշտացել է» (տեսանյութ)

Տնտեսություն
elektromobil

«Էլեկտրոմոբիլ նստելուց հետո, դժվար է ներքին այրման շարժիչով մեքենա վարել: Էլեկտրոմոբիլը միանգամից գերում եւ գրավում է: Բացի նրանից, որ էկելոգիապես մաքուր տրանսպորտային միջոց է, նաեւ անձայն է եւ ի տարբերություն մյուս մեքենաների արագությունը միանգամից է զարգացնում»,-ասում է Արա Խաչատրյանը, որն արդեն ավելի քան երկու տարի է էլեկտրոմոբիլ է վարում: Հայաստանում էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների թիվն այնքան էլ մեծ չէ, սակայն աճելու միտում ունի՝ մեքենաների մաքսազերծումը հեշտացել է:  Հազարավոր մեքենաներից, Հայաստանում միայն 78-ն են էլեկտրական շարժիչով: «Հեղափոխությունից առաջ շատ դժվար էր ինվոյսային արժեքով մաքսազերծում իրականացնել, այսօր հեշտացել է գործընթացը: Հունվարի 17-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց, որով 2019թ. հունիսի մեկից մինչեւ 2022 թվականի հունվարի մեկը էլեկտրոմոբիլներ ներմուծելու եւ վաճառելու դեպքում ավելացված արժեքի հարկ չի գանձվելու: Պետությունն իր քայլն արեց, արդեն մնում է մասնավոր ընկերությունները կամ անհատները օգտվեն նման առավելությունից եւ կարողանան փոխել իրենց ներքին այրմամբ շարժիչներով մեքենաները՝ էլեկտրոմոբիլների»,-նշեց  «ABC» ընկերության հիմնադիր Արա Խաչատրյանը: Էլեկտրոմոբիլներ  վարող քաղաքացիներն իրենց մեքենաների  շարժիչները լիցքավորում են տնային պայմաններում, հանրապետության տարածքում համապատասխան  լիցքավորման կետեր չկան: Արա Խաչատրյանն այս խնդիրը քննարկում է քաղաքապետարանի հետ, որպեսզի հատուկ կանաչ գոտիներ ստեղծվեն էլեկտրոմոբիլները լիցքավորելու եւ բնության պահպանման մասին եւս մեկ անգամ հիշեցնելու համար: Էլեկտրոմոբիլների առավելություններից մեկն էլ  ոչ ծախսատար լինելն է: Մեքենայի մարտկոցը 4-6 ժամ լիցքավորվելու դեպքում վարորդը ծախսում է ընդամենը 600 դրամ. «Էլեկտրոմոբիլների շահագործումը կնպաստի  նաեւ արեւային էներգիայի ոլորտի զարգացմանը»: