Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրորդ տուրբոգեներատորը հասել է ատոմակայան

Տնտեսություն
atomakayan

Հայկական ԱԷԿ-ին  մատակարվել է  տուրբոգեներատոր։ Այն  իրականացրել է «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ ՀԱէԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Նախագիծն իրականացնում է Պետկորպորացիայի համակարգում ընդգրկված «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։ Նոր սերնդի սարքավորումը թույլ կտա բարձրացնել կայանի արդյունավետությունն ու ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Առաջին տուրբոգեներատորը մատակարարվել է 2017 թ-ին, ինչի արդյունքում փոխարինվել  է 1970 թ-ից  աշխատող հին սարքավորումը։  Երկրորդ տուրբոգեներատորի տեղադրումը կիրականացվի 2019թ․ մեքենայական սրահում իրականացվող մոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակներում (էլեկտրաէներգիայի գեներացիայի համակարգերի արդիականացման ընդհանուր նախագծով)։ Այդ աշխատանքները սկսվել են 2018 թվականի ապրիլին և կշարունակվեն մինչև 2019 թվականի վերջը։ Մեքենայական սրահում տարվող աշխատանքներին զուգահեռ՝ 2019-ին կսկսվեն նաև կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները։ Տուրբոգեներատորը հանդիսանում է մեծ սարքավորում, այդ իսկ պատճառով նրա տեղափոխումը իրականացվել է մի քանի էտապով։ Նախ սարքավորումը առաքվել է Անտվերպեն, որտեղ սպասում էր մինչև հատուկ, նման ծանր սարքավորումը ինքնուրույն բեռնավորելու և բեռնաթափելու ունակ կռունկային նավի մոտենալուն (Փոթիի նավահանգստի կռունկները նման ծանր բեռը բարձրացնելու հնարավորություն չունեն)։ Հետո բեռը տեղափոխվել է Փոթի, որտեղից մի քանի խմբաքանակով, «Ռուսատոմ» պետական կորպորացիայի պատվերով հատուկ ծանր բեռների տեղափոխման համար «ՀԿԵ» ԲԸ-ի կողմից վերանորոգված երկաթգծով տեղափոխվել է Հայկական ԱԷԿ։